Ինչու են մարդիկ գնում սպանության, և ինչի մասին կարող են խոսել տուժողի մեծ թվով վնասվածքները168.am–ը գրում է.

Ոստիկանության տվյալների համաձայն, Հայաստանում, թեև քիչ, սակայն սպանությունների դեպքերի աճ է գրանցվել: ՀՀ ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 31-ի դրությամբ արձանագրվել է սպանության 39 դեպք, իսկ 2014թ. նույն ժամանակահատվածում՝ 35 դեպք: 2014թ. սպանության դեպքերի թիվը 5-ով աճել է 2013թ. համեմատությամբ: Եթե 2013թ. արձանագրվել է սպանության 48 դեպք, ապա 2014թ.՝ 53 դեպք: Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2012թ. գրանցվել է սպանության` 50, 2011թ.՝ 60, 2010թ.՝ 41 դեպք: Սպանությունների վերաբերյալ զրուցել ենք հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ Էլդա Գրինի հետ:

– Ըստ Ոստիկանության տվյալների՝ թեև ոչ մեծ քանակով, սակայն սպանությունների դեպքերի աճ կա: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ են մարդիկ գնում այդ քայլին:

– Ամեն դեպք հարկավոր է յուրովի վերլուծել, որովհետև նա, ով հանցագործություն է կատարում, և ում նկատմամբ դա տեղի է ունենում, տարբեր մարդիկ են լինում: Այդ պատճառով ընդհանրացում անել հնարավոր չէ: Միայն կարելի է ասել, որ ագրեսիան փոքր-ինչ մեծացել է, որովհետև, ըստ երևույթին, և՛ սոցիալական վիճակն է շատ հաճախ ազդում, և՛ ընդօրինակումը, որովհետև հիմա ուրիշ արժեքներ են: Այդ արժեքներն ազդում են մարդու հոգեբանության վրա:

Եվ, բացի այդ, նորից եմ կրկնում, յուրովի է. գուցե անելանելի վիճակ էր, գուցե սպանությունը կատարվել է աֆեկտի վիճակում: Հնարավոր չէ ասել, որովհետև միայն թիվը չի խոսում ամեն սպանության մասին: Բոլոր դեպքերում երևույթը տհաճ է, մանավանդ մեր հանրապետությունում, երբ բավական մեծ քանակով մարդիկ արդեն գնացել են Հայաստանից, ու ամեն այդպիսի դեպք մի ողբերգություն է, էլ չեմ ասում, որ ինչ-որ մեկի կյանքը կտրվեց, մյուսն էլ պետք է գնա, իր պատիժը կրի: Ես միշտ դա ըմբռնում եմ` որպես մեծ ողբերգություն: Ես կարծում եմ, որ հետո հետին մտքով գոնե մեծամասնությունը, ովքեր կատարել են դա, կզղջան: Գուցե պահի ազդեցության տակ, անելանելի կամ աֆեկտի վիճակ է եղել: Մի խոսքով՝ վիճակները տարբեր կարող են լինել: Աճ կա, բայց ոչ սարսափելի, և հույս ունենանք, որ կնվազի, հույս ունենանք, որ ավելի լավ կլինեն թե տնտեսական վիճակը, թե մարդկային փոխհարաբերությունները:

Ընդհանրապես հայը զիջող է, այդ հատկությունը փոքր-ինչ հետ է նահանջել: Հաճախ մենք չենք զիջում և լրիվ կենտրոնացած ենք մեր ես-ի վրա: Եթե փոխըմբռնում լինի, փոխօգնություն լինի և հույս լինի, որ ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ փոխհարաբերություններն ավելի բարյացակամ կլինեն, որովհետև մարդուն կյանքից զրկելը հեշտ բան չէ:

Ես համոզված եմ, որ քանակի մեջ, որը ասացիք, չեն մտնում միայն այն անձինք, որոնք դիտավորությամբ սպանել են: Միգուցե պատահականություն է եղել, միգուցե զայրացած վիճակում ուղղակի չի գիտակցել՝ ինչ է անում, գիտակցության սֆերայի սահմանները նեղացել են, բայց ընդհանրապես նա չէր ուզենա այդ մարդուն սպանել: Հասկանո՞ւմ եք՝ պահի ազդեցության տակ կարող է լինել: Այնպես որ, դրդապատճառները բազմաթիվ են այն ֆոնի վրա, որը փոքր-ինչ նպաստում է. մարդը շատ պարզ չի տեսնում հեռանկարը, և դա կուտակվում է, առաջացնում է անհանգիստ վիճակ, և ամեն փոքր պատճառ կարող է վերածվել ագրեսիայի:

– Վերջերս ամուսնու կողմից` կնոջը, հարազատ եղբոր կողմից` եղբորը սպանելու դեպքեր գրանցվեցին: Դրանք ինչո՞վ են պայմանավորված:

– Դա պատահականություն է. ընտանիքում միշտ էլ կարող են վեճեր լինել, դժգոհություն կարող է լինել` մանավանդ ոչ ապահով տնտեսական վիճակի ֆոնի վրա, կամ ինչ-ինչ այլ պատճառներով: Ընտանեկան խնդիրները բազմազան են, բայց այդ փաստը, որ գործը հասել է սպանության, արդեն խոսում է, որ մարդն այսօր ավելի քիչ կարող է տիրապետել իր շարժումներին, իր գործողություններին, և անկախ իրենից` կատարում է իրավախախտ ինչ-որ գործողություն, եթե կարելի է այդպես ասել: Դարձել են ավելի անզուսպ, հոգնել են, հոգնածություն կա, մի պահ կա, որ չի կարող ինքն իրեն տիրապետել, հասկանալ, ներթափանցել ինչ-որ բանի մեջ: Առօրեական լեզվով ասում են՝ համբերություն չունեմ, համբերությունս հատել է: Այդպիսի վիճակ է հիմա ավելի տարածված: Պարտադիր չէ` սպանություն լինի. հաճախ անտեղի կռիվ է լինում, վիրավորանք, պարզապես այն ամենը, ինչ կուտակվել է, կարծես թե լիցքաթափվում է, ու չի կարող տիրապետել, չի կարող կանխատեսել հետագա գործողությունների արդյունքը: Այդ րոպեին ինչ եղավ, եղավ:

– Նշեցիք, որ սպանության դրդապատճառները կարող են տարբեր լինել: Ցանկացած մարդ, ելնելով ինչ-որ դրդապատճառներից, կարո՞ղ է դիմել այդ քայլին, թե՞ դրա համար նախապայմաններ, կոնկրետ մարդկային հատկանիշներ են պետք:

– Եթե մենք այդպես ասենք, դուրս կգա, որ մարդկանց բաժանում ենք մի քանի կատեգորիաների, և մի կատեգորիա, որը երբեք չի կարող դա անել: Նա կարող է նույնիսկ համոզված լինել, որ այդ քայլին չի դիմի, բայց այնպիսի կացության, վիճակի մեջ ընկնի, որ անի այդ քայլը, ինքն էլ հետո իր վրա զարմանա ու չհասկանա, թե ինչու է դա արել:

Միայն մարդու անձնական գծերից չէ՝ թեև այդ ամենը, իհարկե, բավական մեծ դեր է խաղում, բայց կա նաև այն իրավիճակը, որտեղ դա կատարվեց, և կան ինչ-ինչ ուրիշ պատճառներ՝ յուրաքանչյուրի մոտ յուրովի, յուրաքանչյուրի մոտ այլ կարող են լինել: Մեկն ուղղակի բռնվում է և չի կարող իրեն զսպել, մյուսն անընդհատ, համբերատար տանում էր վիրավորանքը, այսինքն՝ նրա մոտ վիրավորանքի կամ տհաճ զգացողության կուտակում է տեղի ունենում, որը կոչվում է կումուլիացիա, և բաժակն արդեն այնքան է լցվում, որ վերջին կաթիլի մեխանիզմով մի փոքր պատճառով՝ իրական կամ նույնիսկ թվացող, դա տեղի է ունենում: Իրեն կարող է թվալ, որ թարս նայեց, բայց դա արդեն վերջին կաթիլն է:

Եթե բաժակը ծորակի տակ դնենք, լցվում է, լցվում, ևս մեկ կաթիլ, և արդեն թափվում է, մինչ այդ չի թափվում, մի վերջին կաթիլգ ու թափվեց: Ճիշտ այդպես կարող է համբերատար տանել, աշխատել ուշադրություն չդարձնել` և մի չնչին պատճառ կամ կարծեցյալ, պայմանական ինչ-որ բան, ու արդեն վերջին կաթիլի մեխանիզմով այնպիսի մի պոռթկում լինի, որ պարզապես սպանի:

Այդպես էլ կարող է լինել: Այսօր ես նկատել եմ, որ այդ կումուլիատիվն ավելի հաճախ է լինում, որովհետև մարդիկ համբերատար սպասում են, դեռ հույսը չի կտրվել, հույս կա, հետո մի պահ է գալիս, որ արդեն վերջին կաթիլն է: Կամ մարդկային փոխհարաբերություններումգ մենք համբերատար շատ բան չենք նկատում, ճի՞շտ է, չնկատելու ենք տալիս, ասում ենք՝ ոչինչ, կփոխվի, բայց կուտակումը բոլոր դեպքերում տեղի է ունենում, և քանակն արդեն ողբերգական որակ է դառնում:

– Տիկին Գրին, վերջերս դեպքեր արձանագրվեցին, երբ տուժողների վրա դանակի բազմաթիվ հարվածներ կային. դեպքերից մեկով տուժողի մոտ 58 մարմնական վնասվածք էր հայտնաբերվել, մյուսով՝ 30: Ինչի՞ մասին կարող է խոսել այս հանգամանքը:

– Հնարավոր չէ միանշանակ ասել, բայց որպես կանոն՝ եթե աֆեկտ է, հարվածները բազմաքանակ են լինում ավելի հաճախ: Հարվածների բազմաքանակությունը խոսում է ի օգուտ աֆեկտի: Միայն քանակով որոշել` աֆեկտ կա՞, թե՞ ոչ, ուղղակի ծիծաղելի է, բայց այդ առումով հաշվի առնվում է:

– Իսկ սպանության գործիքի ընտրությունն ինչ-որ բան ասո՞ւմ է հանցագործի մասին՝ հրազեն, դանակ:

– Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել, որովհետև նախ` չգիտես՝ ով է արել և ում է սպանել, ինչ հանգամանքներում: Ամեն սպանություն կամ ամեն հանցագործություն պետք է դիտել բազմակողմանիորեն, շատ մանրակրկիտ: Մեկը մյուսին նման չէ, կան ընդհանուր պահեր, որոնք հաշվի են առնվում, բայց բոլոր դեպքերում առավել հաշվի են առնվում այն առանձնահատկությունները, յուրահատկությունները, որոնք առկա են:

– Երբեմն քննարկման առարկա է դառնում լրատվամիջոցների ազդեցությունը: Մասնավորապես, կարծիք կա, որ հնարավոր է` դեպքերի լուսաբանումն ազդի դեպքերի քանակի աճի վրա:

– Ցանկացած բացասական տեղեկատվություն առանձնապես դրականաբար չի ազդում, որովհետև, ինչպես ասում են, փայտն ունի երկու ծայր. մի կողմից` տեղեկանում է, մյուս կողմից` ինչ-որ ինֆորմացիա է քաղում: Բայց մյուս կողմից՝ ոչ ոք իրավունք չունի արգելելու դա հայտարարել: Իրենք էլ իրենց գործն են կատարում, հասկացողը հասկանում է, անհասկացողն էլ չի հասկանում, բայց, բոլոր դեպքերում, դա իրոք փայտ է, որն ունի երկու ծայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել