Lurer.com–ը գրում է.

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Մոնտեվիդեոյի «Շերատոն» հյուրանոցում սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Կանսելան, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, Ուրուգվայի կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական-քաղաքական, մշակութային և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը (նստավայրը` Բուենոս Այրես), բարձր գնահատելով հայ-ուրուգվայական բարեկամությունը, նշեց. «Ուրուգվայը ոչ միայն այն երկիրն է, որն ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, այլև աշխարհում առաջին երկիրը, որը (1965թ.) ճանաչեց և դատապարտեց Ցեղասպանությունը: Մենք երախտապարտ ենք Ուրուգվային նաև այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետականորեն նման մակարդակով հիշատակելու համար»:

Ուրուգվայ կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Հարությունյանը նաև հանդիպումներ ունեցավ Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության հարցերով հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Կանսելայի, Ուրուգվայի կոնգրեսի խմբակցությունների ղեկավարների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել