Tert.am-ը գրում է․

Աշխարհաքաղաքական մարտահրավերների և միջազգային տնտեսության համագործակցության պայմաններում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է խորացնեն ինտեգրացիոն գործընթացները՝ տնտեսության մոդեռնիզացիայի հաշվին, որը կհանգեցնի առևտրատնտեսական հարաբերությունների լավացմանը: 

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Եվրասիական համագործակցության հեռանկարները» թեմայով միջպետական ֆորումի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: 

Պատգամավորը նշել է, որ այդ գործընթացն, առաջին հերթին, ենթադրում է փոխշահավետ ներդրումներ, առևտրաշրջանառության մակարդակի մեծացում, ազատ առևտրի գոտու ստեղծում: Նպատակների իրականացման համար, ըստ Վարդան Այվազյանի, անդամ-պետությունների միջև հարկավոր է գործարկել ճկուն ծրագրեր: 

«Այս մեխանիզմը հեծանիվ հորինելու պես բան չէ, որովհետև ԱՊՀ երկրները նախկինում ունեցել են նման փորձ: Խորհրդային միության տարիներին անդամ-երկրներն ունեին մրցակցային արտադրություն, զարգացող տնտեսություն՝ կառավարման կենտրոնացված մեխանիզմի հաշվին: Ներկայումս, Հայաստանը ևս ունի չօգտագործված մեծ պոտենցիալ ամենատարբեր ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված կլինեն քիմիական արտադրությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, մեքենաշինությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այլն»,- ասաց նա: 

Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանային ծրագրային քաղաքականությունն առաջին հերթին կապված է պետությունների սերտ համագործակցությամբ, որոնք միտված կլինեն տնտեսական միասնական նպատակների ամրապնդմանը, օտարերկրյա ներդրումների հաշվին տնտեսական էֆեկտիվության բարձրացմանը: 

«Այս առումով ողջամիտ կլինի միասնական տնտեսական և հարկային քաղաքական մարմնի ստեղծումը: Միայն սրանից հետո հնարավոր կլինի անցում կատարել ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին, այն է՝  միասնական ֆինանսավարկային և արժութային քաղաքականության»,- ընդգծել է նա։ 

Պատգամավորը կարևորել է Մետաքսե մեծ ճանապարհի տնտեսական գոտու ձևավորումը, որը, ըստ նրա, հնարավորություն կտա ստեղծել միասնական կառույցներ՝  փոխադրամիջոցների, հեռահաղորդակցության ոլորտներում, որոնք կմիավորեն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ:

Վարդան Այվազյանը նաև նշել է, որ Հայաստանի համար, որպես անդրկովկասյան միակ պետությունը ԵԱՏՄ-ում, որն ունի Շանհայան համագործակցության կազմակերպության գործընկերոջ և դիտորդ անդամի կարգավիճակ, հնարավորություն ունի մասնակցելու տնտեսական նոր գոտու՝ Մետաքսե մեծ ճանապարհի, կառուցման աշխատանքներին:

«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ինտեգրացիայի ընդլայնման միջանցք՝ համագործակցելով Իրանի հետ իր հետ բերելով արաբական շուկա դուրս գալու առավելություն: ԵԱՏՄ-ն ցանկություն ունի համագործակցել Իրանի հետ, մասնավորապես, ազատ առևտրի գոտու ստեղծման տեսանկյունից: Այս առումով Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ, որովհետև միայն մենք ունենք ցամաքային սահման Իրանի և հարուստ առևտրային փորձ Իրանական Հանրապետության հետ: Իրանի պատժամիջոցների հանման սկսված գործընթացի առումով հետաքրքիր կարող է լինել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, ինչի արդյունքում կհեշտանա մուտքը դեպի Չինաստան և Կենտրոնական Ասիա»,- մասնավորապես ասել է Վարդան Այվազյանը: 

Պատգամավորը հիշեցրել է, որ Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում կա պայմանավորվածություն պղնձաձուլական կոմբինատի կառուցման, շուշաթղթի և շերտապակու արտադրության կազմակերպման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաներով ցեմենտի մշակման հարցերում: 

Վարդան Այվազյանը շեշտել է, որ Իրան-Հայաստանի երկաթգծի, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղու գործարկման արդյունքում կմեծանա ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել