1. Յուրաքանչյուր սերնդնում գտնվել են այնպիսիք, ովքեր ցանկացել են ոչնչացնել մեր ժողովրդին: Հնագույն ժամանակներում մեզ փորձել են ոչնչացնել Բաբելոնի և Հռոմի կայսրությունները: Միջնադարում մենք բախվել ենք ինկվիզիցիային և տեղահանումներին: Արդի ժամանակներում մենք վերապրեցինք Հոլոքոստի ջարդերը: Չնայած բոոր այս փորձություններին, հրեա ժողովուրդը գոյատևեց:
Այժմ հայտնվել է ևս մի ռեժիմ, որը երդվել է ոչնչացնել մեր ժողովրդին: Այդ ռեժիմին արժե մտածել հետևյալ հարցի շուրջ. այսօր ես կանգնած եմ այստեղ և ներկայացնում եմ երիտասարդ Իսրայելի պետությունը, որն ընդամենը 67 տարեկան է, բայց և միաժամանակ՝ հնագույն մի ազգի, որի պատմությունը հաշվվում է շուրջ 4000 տարի: Ոչ Բաբելոնը, ոչ էլ Հռոմը, չունեն ներկայացուցիչներ ՄԱԿ-ում, ինչպես նաև հազարամյա Ռեյխը: Այս, թվացյալ անպարտելի կայսրությունները չկան նույնիսկ մեր տեսադաշտում: Բայց Իսրայելը կենդանի է: Իսրայելի ժողովուրդը կենդանի է:
2. Իսրայելը, առավել քան որևէ մեկը, կարող է իրականացնել 21-րդ դարի երազանքը: Իսրայելը գիտության և տեխնիկայի համաշխարհային առաջատար է կիբերանվտանգության, ծրագրային ապահովման, գյուղատնտեսության, բժշկության, բիոտեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում, որտեղ մենք հեղափախություն ենք իրականացնում՝ շնորհիվ իսրայելցիների հայտնագործությունների և նորարարությունների:
Իսրայելցիները նորարարությունների ժողովուրդ են: Իսրայելական նոու-հաուն ամենուր է: Ձեր համակարգիչների միկրոպրոցեսորներում և ֆլեշ կրիչներում: Ձեր սմարթֆոններում, երբ դուք ակնթարթորեն ուղարկում եք հաղորդագրություն կամ ղեկավարում եք մեքենան: Ֆերմաներում՝ կաթիլային ոռոգման ժամանակ, կամ երբ մթերքները և մշակաբույսերը պահում եք թարմ վիճակում: Ձեր համալսարաններում, երբ ուսումնասիրում եքՆոբելյան մրցանակակիրների հայտնագործությունները՝ տնտեսագիտության և քիմիայի բնագավառներում: Ձեր պոլիկլինիկաներում, երբ օգտագործում եք դեղամիջոցներ՝ բուժելու համար Պարկինսոնի հիվանդությունը կամ սկլերոզը: Եվ նույնիսկ ձեր ափսեների մեջ, երբ ուտում եք Չերրի մինի-տոմատները: Դրանք ևս իսրայելական հայտնագործություններ են:
Նեթանյահուի ելույթի առաջին մասը իսկապես խոսում է հայերի և հրեաների անցյալի նմանությունների մասին: Նմանություններ ոչ թե ուղղակի համեմատության, այլ երկու ժողովուրդների պատմական ճակատագրի ընդհանուր դասավորության իմաստով:
Թե հրեաները և թե հայերը պետականազրկվեցին ու հայրենազրկվեցին օտար նվաճողների կողմից: Ենթարկվեցին տեղահանությունների, ցրվեցին աշխարհի տարբեր անկյուններում՝ հայրենիքի կարոտը պահելով սրտերում և փոխանցելով սերնդե սերունդ: Երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարում ցեղասպանվեցին: Երկուսն էլ 20-րդ դարում վերականգնեցին իրենց պետականությունը՝ սեփական պատմական հայրենիքի մի մասում՝ շրջապատված թշնամաբար տրամադրված հարևաններով:
Սակայն, անցյալի նմանություններից առավել ակնհայտ է ներկայի տարբերությունները: Իսրայելը դարձավ Մերձավոր Արևելքի ամենաժողովրդավարական պետությունը, ինչը նրա գլխավոր հաղթաթուղթն է քաղաքակիրթ աշխարհում: Հայաստանը, անկախանալուց հետո դարձավ հետսովետական միջակ պետություն, որը շատ հեռու է ժողովրդավարական լինելուց:
Չունենալով բնական մեծ ռեսուրսներ, Իսրայելը շեշտը դրեց գիտական նորարարություների և բարձր տեխնոլոգիաների վրա՝ ստեղծելով իրապես գիտելիքահենք տնտեսություն: Չունենալով բնական մեծ ռեսուրսներ, Հայաստանը մինչ այժմ չկարողացավ զարգացնել բարձրագույն տեխնոլոգիաները և մսխեց իր նորարարական պոտենցիալը՝ ստիպելով, որ այն հեռանա սեփական հայրենիքից:
Իսրայելական համալսարաններն աշխարհի լավագույն համալսարաններից են, որտեղ տրվում է ժամանակակից ու մրցունակ կրթություն: Հայկական համալսարանները գիտության և նորարարության կենտրոններ դառնալու փոխարեն, դարձան առուծախի օջախներ, որտեղ մինչ այժմ դասավանդում են սովետական դասագրքերով և կադրային ռեսուրսներով:
Իսրայելցի գիտնականները կատարում են հեղափոխական նորարարություններ և արժանանում Նոբելյան մրցանակների: Հայաստանում ստեղծվեցին վատագույն պայմանները գիտությամբ զբաղվելու համար, իսկ գիտնականները թաղվեցին սոցիալական բեռի ծանրության տակ, որտեղ նույնիսկ խոսք չի կարող գնալ նոբելյան մրցանակի և հեղափոխական նորարարությունների մասին:
Իսրայելը աշխարհի հետ խոսում է հավասարը հավասարի հետ՝ որպես ինքնաբավ ու կայացած պետություն: Հայաստանը մինչ այժմ չի կայացել որպես ինքնաբավ պետություն և աշխարհի հետ չի խոսում հավասարը հավասարի հետ:
Հրեաները և հայերը շատ նման են իրար՝ անցյալով, բայց Իսրայելը և Հայաստանը շատ տարբեր են իրարից՝ ներկայով: