Tert.am-ը գրում է․

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դժգոհությունը, թե ադրբեջանական կողմի հրահրած սահմանային ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ի կողմից ոչ քննադատություն եղավ, ոչ էլ անգամ բարոյական աջակցության դրսևորում, ուշացած գնահատական էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ ամեն դեպքում հայտարարությունը ողջունելի էր: 

Հարցին՝ ի՞նչը փոխվեց, նախկինում ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային հայտարարություններ չէին հնչում, պատգամավորն ասաց, թե յուրաքանչյուրի համար էլ հասկանալի է՝ իրավիճակը փոխվել է, որովհետև  Ադրբեջանն ամեն օր գնդակոծում ու հրետակոծում է ՀՀ հյուսիսարևելյան սահմանը տարբեր տրամաչափի զենքերից: 

«Մենք գործ ունենք աննախադեպ, այո՛, ռազմական գործողությունների հետ, այո՛, ագրեսիայի հետ: Եվ սա խոսուն փաստ է, որը, բարեբախտաբար, տեսանելի է Զինված ուժերին: Բայց միայն բարձրաձայնելով չպետք է բավարարվել, այլ պատկան մարմիններում բարձր մակարդակով խնդիրը պետք է բարձրաձայնել: Մենք պետք է գործի դնենք ռազմաքաղաքական բոլոր գործընթացները, զուգահեռ՝ դիվանագիտական գործողություները, որոնք համարժեք պատասխան կտան Ադրբեջանի լկտի ագրեսիային»,- շեշտեց խաչատուր Քոքոբելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել