Style.arka.am-ը գրում է.


Սեպտեմբերի 15-27-ը Չինաստանում անցկացվելու է հեղինակավոր «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015/Miss World Peace» ամենամյա մրցույթ-փառատոնը:

Այն հիմնադրվել է Հոնկոնգում և նպատակ ունի բարիդրացիական հարաբերություններով միավորել տարբեր ազգերին և ձգտել մշտական խաղաղության:

Մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 48 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը:

Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգան այս տարի ընտրել է հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանին։ Հենց նա Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» միջազգային մրցույթում: 
 
Հռիփսիմե Սարգսյանը «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ մրցույթի։

«Ինձ համար շատ հաճելի և պատասխանատու է մասնակցել նման հեղինակավոր մրցույթի... Հուզմունք, իհարկե, կա, բայց աշխատում եմ չլարվել...», – ասաց Հռիփսիմեն։

«ԱՌԿԱ Style»-ի թղթակցի այն հարցին, թե ինչ սկզբունքով է կատարվել մրցույթին մասնակցելու ընտրությունը և ինչպես է ընտրվել հենց Հռիփսիմեն, նա պատասխանեց, որ վերջերս մասնակցել է «Top model Armenia» մրցույթի քասթինգին, որտեղ նրան նկատել են և միանգամից առաջարկել են մասնակցելու 2 մրցույթի` «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» և «Miss Tourism International» մրցույթներին: Նա առաջարկը չի մերժել։

Հռիփսիմե Սարգսյանը 21 տարեկան է, ծնվել է Երևանում: Զբաղվում է մոդելային կարիերայով դեռ 16 տարեկանից:

Նոյեմբերի 15-30-ը Հռիփսիմեն նաև Վիետնամում աշխարհի 60 երկրների ներկայացուցիչների հետ միասին կմասնակցի «Miss Tourism International» ամենամյա մրցույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել