ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը աստիճանաբար դառնում է վտանգավոր: Մարդիկ խաբվում են ամեն օր: Ոմանք հետևողական են լինում, գնումներ կատարելուց հետո նայում են ապրանքների ցանկը, պարզում, որ գնումներն ուռճացված են, ոմանք էլ՝ ոչ:

Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի բնակչուհի Կարինե Մուղնեցյանը երեկ «Դալմա» առևտրի կենտրոնի «Երևան Սիթի»-ից գնումներ է կատարել, հիմնականում դպրոց հաճախող որդու համար գրենական պիտույքներ է գնել, մոտեցել է դրամարկղին, վճարում կատարել ու գնացել տուն: Բայց տուն հասնելուն պես, պարզել է, որ սուպերմարկետում իրեն խաբել են ու ավել գումար գանձել:

«Տուն հասնելուն պես հիշեցի, թե որքան եմ վճարել ու զարմացա, քանի որ իմ գնումները չպետք է գերազանցեին 22-23 հազար դրամը, բայց ես վճարել էի 30 հազար դրամից ավել: Վերցրեցի գնումների այդ կտրոնը, ու ինչ պարզեմ. գրենական պիտույքներից բացի՝ գնումների ցանկում ներառված է նաև «Braun» ապրանքանիշի վարսահարդարիչ 7500 դրամ արժողությամբ, որը, ես, բնականաբար, չէի գնել»,- պատմում է Կարինե Մուղնեցյանը:

Վերջինս զայրացած անմիջապես վերադարձել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և մենեջերից ու վաճառողներից բացատրություն պահանջել: «Որքան էլ զարմանալի է, ո՛չ վաճառողները, ո՛չ էլ մենեջերները անգամ չփորձեցին պնդել, թե հնարավոր է՝ ես այդ վարսահարդարիչը գնել եմ ու տուն եմ տարել: Մենեջերը առանց բառ ասելու, շատ հանգիստ տոնով գրպանից հանեց 7500 դրամը և վերադարձրեց: Այսինքն, դա նշանակում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ իրենց խարդախությունը բացահայտվել է, դրա համար էլ չփորձեցին անգամ հակառակվել»,- հավելեց տիկին Մուղնեցյանը:

Հիշեցնենք, որ վերջերս էլ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնել էին, որ «Երևան Սիթի»-ում ապրանքների ցուցատախտակի վրա գրված գները չեն համապատասխանում դրամարկղում հաշվարկվող գներին: Վերջում գնումների ցուցակը նայելով՝ պարզ է դառնում, որ ապրանքի գինը 30-50, երբեմն 100 դրամով ավել է, քան ցույց է տրված պիտակի վրա: Իսկ երբ վաճառողներից բացատրություն են պահանջում, հնչում է մեկ պատասխան՝ ապրանքը թանկացել է, բայց չենք հասցրել պիտակները փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել