Lragir.am-ը գրում է.
Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կքննարկի թե երկկողմ, թե տարածաշրջանային, թե միջազգային նշանակության հարցեր: Հատկանշական է, որ Լավրովը Բաքու է մեկնում Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշողլուի հետ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: Ի դեպ, Չավուշողլուի անունը չկա Թուրքիայի նոր, ժամանակավոր կառավարության կազմում, որը պետք է պաշտոնավարի մինչեւ այդ երկրում խորհրդարանի արտահերթ ընտրությունը, որը նշանակված է նոյեմբերին: Ի դեպ, նոյեմբերին խորհրդարանի ընտրություն է նաեւ Ադրբեջանում:

Այդ ընտրություններն ինքնին գուցե այնքան կարեւոր չեն, որքան կարեւոր է այն, թե ընտրություններին ընդառաջ ինչ կարող են անել Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները: Բանն այն է, որ Ալիեւն օրինակ ունի սոցիալ-տնտեսական ծանրացող վիճակի պայմաններում որեւէ այլ «կրեդո» առաջ քաշել, իսկ դա կարող է լինել «հերոսականությունն» Արցախը «հետ բերելու» հարցում, իսկ Էրդողանն օրինակ ունի ուղղակի իշխանություն պահելու խնդիր, եւ նկատի ունենալով ներկայում Թուրքիայի նոր խնդիրները քրդերի եւ Իսլամական պետության ուղղությամբ, Անկարայի նախընտրական պահվածքը կարող է լինել խիստ անկանխատեսելի:

Մինչ այդ, օգոստոսի 27-ին տարածաշրջանային ու միջազգային իմաստով բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ Վրաստանում: Հարավային Կովկասում արձանագրվեց ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայություն, Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի տեսքով: Այդ իրադարձության լրջության վկայություն էր ՌԴ արձագանքը: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՆԱՏՕ քայլը սադրիչ եւ ապակայունացնող քայլ է: Ռուսաստանը հիշեցրեց 2008 թվականն ու բավական թափանցիկ ակնարկեց, որ կարող է պատասխանել նոր պատերազմով:

Թերեւս պատահական չէ, որ այդ իրադարձությունից հետո Լավրովը խորհրդակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Անկարան ու Բաքուն թերեւս Մոսկվայից ոչ պակաս են մտահոգված Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի, այլ կերպ ասած ՆԱՏՕ ինստւտուցիոնալ ներկայացվածության փաստով: Բանն այն է, որ այդ հանգամանքը կարող է դառնալ Կովկասի ռուս-թուրք-ադրբեջանական բաժանման հարյուրամյակի վերջի սկիզբը, դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը եւ չեզոքացնել դրանում ռուս-թուրքական դաշինքի գերակա դիրքը:

Բայց ինչ կարող են անել Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ընդդեմ ՆԱՏՕ քայլի: ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում հայտարարել է, որ Թբիլիսին պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսության հաստատման քաղաքականությունը: Այլ կերպ ասած, բացի խաղաղության ու երկխոսության դիվանագիտական կոչից, ՆԱՏՕ-ն Վրաստանին փաստացի հորդորում է ուշադրություն չդարձնել Ռուսաստանի սպառնալիքներին ու շանտաժին եւ պարզապես չդիմել փոխադարձ սպառնալիքների եւ սրացման:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն օրերս հայտարարել է, որ ԱՄՆ սպառնալիքներն են ԻԼԻՊ-ն ու Ռուսաստանի վերջին մեկ տարվա քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ լուրջ պարտավորություններ ունի եվրոպական դաշնակիցների անվտանգության հարցում: Վրաստանում ՆԱՏՕ կենտրոնի բացումը վկայում է, որ փաստացի ստեղծվում է Վրաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարման ինստիտուցիոնալ ենթակառուցվածք, խողովակ եւ հենց դա է թերեւս առավել անհանգստացնում Ռուսաստանին: Նույնը կարող է անհանգստացնել նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ ՆԱՏՕ այդ խողովակը փաստացի մեծացնում է դաշինքի ազդեցության գործնական բաղադրիչը տարածաշրջանային անվտանգության համակարգի ամբողջ ծավալով:

Ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը կարող է պատասխանել, կամ ունի պատասխանելու մեկ տարբերակ՝ իրավիճակի ապակայունացում, որի միջոցով փորձ կարվի լուծել Վրաստանի հարցը, քանի դեռ ՆԱՏՕ կենտրոնը չի հասցրել ծավալվել: Մոսկվան այդ խնդիրը չի կարող լուծել առանց թուրք-ադրբեջանական աջակցության, որը պետք է ապահովի թիկունքը: Իսկ թիկունքը տվյալ դեպքում Արցախն է, ապակայունացմանը լայն մասշտաբ տալու, միաժամանակ նաեւ ապակայունացումից Թուրքիայի ու Ադրբեջանի շահույթը ապահովելու համար:

Իսկ ընդհանուր այդ ապակայունացումը էական հարված կհանդիսանա նաեւ Իրանի հետ ԱՄՆ եւ Արեւմուտքի հարաբերության կարգավորմանը, վերստին արգելափակելով Իրանի տարածաշրջանային դերի բարձրացման հեռանկարը, ինչը եւս մտահոգիչ ու անցանկալի է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել