Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը

Սերժ Սարգսյանը խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ հանդիպումներ է ունենում, որտեղ քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ձեր կարծիքով իշխանությունների հետ այս փաթեթը քննարկելու որևէ եզր կա՞ր, այսինքն պետք էր ընդհանրապես չգնա՞լ հանդիպման, թե գնալ և սեփական դիրքորոշումը հայտնել:

Այստեղ երկու խնդիր կա. նախ համակարգի փոփոխության խնդիրն է, որի մասին տարիներ շարունակ  ընդդիմադիր ուժերն արդարացիորեն բարձրաձայնում են, որովհետև քաղաքական մշակույթի, խորհրդային ավանդույթի ազդեցության տակ քաղաքական գործընթացները, քաղաքական ռեժիմները հակված են տանել ավտորիտարիզմի։ Դրան էլ գումարվում է նախագահական կառավարում ենթադրող մոդելը, որը որդեգրվեց 1995-ին։ Արդյունքում ունենք ճոճանակվող մի համակարգ, որտեղ մերթ տեսնում ենք ավտորիտարիզմ՝ իր բավական կոշտ դեմքով, մերթ տեսնում ենք կիաավտորիտար, կիսադեմոկրատական, հիբրիդային ռեժիմ։ Հիմա եթե խոսում ենք ժողովրդավարությունից, դրա համար պիտի փոխվի համակարգը, որը թույլ կտա քաղաքական ուժերին ավելի զարգանալ և կայացնել բազմակուսակցական քաղաքական համակարգը։ Թերևս հենց դրա համար խաղի կանոնների փոփոխությունը կարևոր է, և պատահական չէ, որ տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքական ուժեր խոսում են համակարգի փոփոխության մասին։ Հետևաբար, քանի որ գործող իշխանությունը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել էր իր դիրքորոշումը, որ դեմ է խորհրդարանական կառավարմանը, բերվել էին ամենաանհեթեթ փաստարկները, թե պատերազմի մեջ ենք, մեր տիպի երկրները դեռ պատրաստ չեն և նման կարգի անհեթեթություններ, բավական  մեծ ջանքեր պիտի գործադրվեին քաղաքական ուժերի կողմից, որպեսզի սկսվեր սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Ի հակառակ, որ քաղաքական ուժերը դա չարեցին, իշխանությունը 2013-ին հայտարարեց, որ կարող է դիտարկել սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Պետք է խոստովանել, որ իշխանության մտահոգություններն ամենևին չեն բխում նրանից, որ իրենց փաստարկները խորհրդարանական կառավարման դեմ փոխվել են։ Նրանք իրենց փաստարկները չեն վերանայել, բայց մի բան կա, որ ստիպեց նրանց գնալ այդ փոփոխություններին։ Դա 2017-2018 թվականներից հետո իշխանությունը պահելու խնդիրն է։ Այս առումով քաղաքական ուժերը ճիշտ են, որ այս գործընթացի նպատակներից մեկն իշխանությունը պահելու և վերարտադրվելու խնդիրն է, որը համաձայնեք,  քրեորեն պատժելի արարք չէ որևէ կուսակցության համար, հետևաբար դա զուտ քաղաքական մեղադրանք է և ոչ ավելին։ Այս կտրվածքով, իհարկե, իմ պատկերացրած քաղաքականությունն այն կլիներ, որ ի սկզբանե ոչ թե թողնեին, որ հանձնաժողովը ձևավորեր իշխանությունն իրենց  ցանկալի մասնագետներից, փորձագետներից, այլ կանխավ դնեին այդ հանձնաժողովում իրենց համար ավելի վստահելի մասնագետներ ունենալու խնդիրը։ Այդ դեպքում, մենք այս պահի դրությամբ կունենայինք բոլորովին այլ նախագիծ։ Կամ եթե անգամ իշխանության ներկայացուցիչ մասնագետ-փորձագետները հրաժարվեին ընդունել իրենց առաջարկները, այդ ժամանակ կարելի էր դուրս գալ գործընթացից, և ասել, որ մենք չենք մասնակցում։ Ցավոք սրտի, հայաստանյան ընդդիմությունը միշտ գործում է բացարձակապես այլ տրամաբանությամբ։ Նույնիսկ նրանք, որոնք կողմ էին խորհրդարանական կառավարմանը, դեմ արտահայտվեցին, և հիմնական փաստարկն այն էր, որ այո, մենք կողմ ենք, բայց կողմ չենք, որ դա այս իշխանությունն անի։ Ես, ճիշտն ասած, դժվար եմ պատկերացնում՝ կլինի՞ որևէ իշխանություն, որը չդնի իր իշխանությունը պահելու նպատակ և նրան հնարավոր չլինի մեղադրել իր իշխանությունը պահելու ցանկության մեջ։

Ի վերջո, կազմավորվեց քառյակը, որի մեջ մտնում էին ուժեր, որոնք կողմ էին խորհրդարանական կառավարմանը, բայց դեմ արտահայտվեցին սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակին։ Միայն ՀՅԴ-ն էր, որ դուրս եկավ հենց այդ շրջանում, և այդ խնդիրը սկսեց դառնալ քառյակի օրակարգի մաս։ Այժմ բավական ուշացած, կրկին ինչ-որ անհասկանալի վարքագծեր են նկատվում քաղաքական դաշտում, այն իմաստով, որ հայտարարում են դեմ են առաջարկվող փոփոխություններին, բայց գնում են նախագահի հետ հանդիպման։

Շատերը նշում են, որ այդ քաղաքական ուժերը գնում են ապագա խորհրդարանում իրենց հասանելիք մանդատները հարցը ճշգրտելու, թե ում քանի տեղ կտրվի ԱԺ-ում։ Կիսո՞ւմ եք նման դիրքորոշումը։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ընդդիմությունը ցաքուցրիվ եղավ, խոսքը ԲՀԿ-ի հետ կատարվածի ու եռյակի տրոհման մասին է, ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ այո, ցավոք սրտի, քաղաքական ուժերին ոչինչ չի մնում, քան սպասել, թե ինչպիսի ողորմածություն կցուցաբերի իշխանությունը։ Եվ իսկապես, տպավորություն է, որ նախագահական պալատ գնում են ուղղակի հավաստիացում ստանալու, որ հաջորդ խորհրդարանում կլինեն։ Իշխանությունը այս պահի դրությամբ գործընթացն ինքն է տանում, ինքն է ստեղծում հանրային կոնսոլիդացիայի պատրանք՝ այն ուժերով և այն խմբերով, որոնք կարող են մասնակցել այդ ամենին, իսկ ընդդիմադիր ուժերին ոչինչ չի մնում, քան իսկապես սպասել, թե ինչ կնետի իրենց իշխանությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հետևաբար, ցավոք, սրտի, այն ճնշումը, որ կարող էր օգտագործվել քառյակի կողմից նախորդ տարի սահմանադրական փոփոխությունների ցանկալի տարբերակ ապահովելու համար, իշխանությանը դրդելով փոխզիջման, դա չարվեց, դրվեց բացարձակապես անհեռանկարային և անհասկանալի իշխանափոխության նպատակ՝ լավ իմանալով, որ ԲՀԿ-ն իր առաջնորդով այդ քաշող ուժը  չի կարող լինել։ Փոշիացվեցին հասարակական սպասումները, ամայացվեց քաղաքական դաշտը, և այսօր այդ հասարակական ճնշումը չկա, որպեսզի պարտադրեն իշխանությանը՝ կատարել ցանկալի փոփոխությունները։ Եթե դա չկա, մնացած ամեն ինչը հիշեցնում է ուղղակի աճուրդ՝ 2017-ի խորհրդարանում տեղ ունենալու համար:

Այսօր փորձ է արվում «ոչ»-ի ճակատ ձևավորել. Երկու կուսակցություն արդեն իրենց համաձայնությունն են հայտնել։ Ձեր կարծիքով, հնարավոր կլինի՞ միասնական ճակատով՝ հանրային աջակցությամբ հասնել սահմանադրական փոփոխությունների չեղարկման։

Քաղաքականության մեջ անհնար բան չկա։ Քաղաքականությունը հմտությունն է հնարավոր դարձնել այն, ինչը ցանկանում ես, որ լինի։ Իրականում կարելի է կոնսոլիդացնել, հասարակության մեջ կա դժգոհ հատված, որին կարելի է մոբիլիզացնել ու դեմ քվեարկել։ Արդյոք դա բավարար կլինի սահմանադրական փոփոխությունների տարբերակը մերժելու համար, ես մի փոքր կդժվարանամ այս պահին ասել, բայց համենայնդեպս, իհարկե հնարավոր է։ Նկատի ունենանք, որ այդ «ոչ»-ը շատ տարասեռ է։ Երկու ուժերն իրար հետ ունեն խնդիրներ, քաղաքացիական հասարակությունն ինքն է դիստանցիա պահում քաղաքական ուժերից, այսինքն այդ ճակատի ներսում էլ ռիսկեր կան։ Որքանով նրանք կկարողանան դա անել կամ հաղթահարել իրենց տարաձայնությունները, նախկին կսմթոցները մոռանալ, ցույց կտա ժամանակը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել