Tert.am-ը գրում է.

Զանգվածային հրապարակը տեսողական, լսողական ու զգայական այլ ընկալիչներ ունի: Եթե ֆալշ չես հնչում մեկ, երկուսի կամերային միջավայրում, սա դեռ չի նշանակում, որ կարող ես կախվել զանգվածի ականջներից և մանավանդ՝ անզգուշորեն ընկնել նրա բերանը՝ դառնալով այն հերթական ախորժելի կերակուրը, որին ծամծմելու համար զանգվածը, հաստատ, իրեն չի խնայի: Գրգռված հրապարակը բեմ բարձրացողից՝  հիմա և ամբողջն է ուզում. ուզում է անհամար ստորոգյալներով բեռնված հատու և խրոխտ տեքստեր,և քեզ տեղում կշամփրի , եթե չկարողանաս ճիշտ օրը, ճիշտ ժամին նետվել նրա գիրկը,և զանգվածի պարտադրած ռիթմով պարել նրա ձեռքերի մեջ: Պարել անցած խրախճանքից մնացած ապակիների կոտրտանքի , բեմահարթակին դիք կանգնած ածելիների սայրերի վրա. արյուն, արյուն է ուզում ամբոխը և դրա համար էլ երբեք մի հարցրու, թե ում մահն է գուժում մեդիան՝ ցուցադրելով այսքան առատ արյունարբու տեսարաններ: Կներեք:

Ես մի քանի ամիս շարունակ վախենում էի իմ այս հերոսուհուն ՝ գրող Գոհար Նիկողոսյանին դնել զանգվածային հրապարակում: Հիմա էլ երաշխիք չունեմ, որ միջին զանգվածային գիտակցությունը նրան, միգուցե նաև ինձ, անկյուն չի հրի ու չի քոթակի իր աչքին այսպես բաց ու անբռնազբոս, մերկ ու արնակոլոլ երևալու համար: Բայց , թեկուզ այդ մեծ խայտառակության գնով ՝ «հաց, թե արժանապատվություն » երկընտրանքի պատին դեմ առած, մեկը գոնե կիմանա, որ, այս կինը հացի իր փորձությունը հաղթահարել է. նա կարող է ատամների տակ սեղմել ցորենի կարծր հատիկները և լինել աշխարհից կուշտ. տվեք նրան ընդամենը թուղթուգրիչ և տեսեք, թե ինչ հեռուներ կճախրի այս մարդ-թռչունը: Փոքրակազմ, չամչահատիկ այս աղջիկն անգամ իր տուն ներխուժած օձակույտին է սիրով ընդունել. մի զարմացեք, ամենայն ազնվությամբ. երբ մի օր նրանցից ամենաքաջն իր պսպղուն մարմինն ու կերկերուն լեզուն շողշողացրել է նրա մահճակալի տակից , աղջիկն առանց ճղճղոցի, կամաց դուրս է եկել տնից, մոտակա խանութից պարտքով թթվասեր բերել և կերակրել ու խնամել է ամբողջ վտառին, ինչպես իր անհամար կատուներին կխնամեր կամ ասենք՝ սարդերին, կամ հենց իր երկու երեխաներին :

Սենյակում ամեն ինչ՝ պահարանները, պարկերը, կողովները բերնեբերան լցված են գրով, դեռևս անբառ սաղմնամանուկները բարուրված են անքնությունից ուռած կոպերի տակ: Սա կյանք չէ…սա հրաշք է. եթե կյանք լիներ, հաստատ կանիծվեր և անհնարին կլիներ առանց պետքարանի գոնե մեկ ժամ ապրելը, ուր մնաց, թե սեփական արտաթորանքդ կենաց ջուր դառնար այն մեծ ու հսկա արևածաղիկների համար, որ տարիներ առաջ աչքովս եմ տեսել նրա բակում, իսկ հետո գրողի մի հանճարեղ պատմվածքում տեսան մյուսները: Չի ստացվում կանգ առնել և ավարտել մեր զրույցի այս նախաբանը. սա վախն է, նրան ձեզ տալու վախը: Դու մեղքերի մեջ թաղված մարդ ես, Աստված չես, որ տաս ու ասես.«Առեք, կերեք, այս մարմինը և խմեցեք այս արյունը, որ թափվում է շատերի համար՝ որպես իրենց մեղքերի թողություն»:

-Գոհար, ամեն անգամ քեզ ողջուառողջ տեսնելիս ավելի ուժգին եմ Աստծուն հավատում,  գիտե՞ս. եթե Նա գոնե մի վայրկյան աչքը թարթեր, դու տեղում քո գլուխը կուտեիր. վայ, էդ ատամներդ որտե՞ղ ես ջարդել:

-Վարդ ջան, սպասի գնամ մեր ծառից թութ բերեմ քեզ համար: Էս տարի էնքան մարդու կարողացա էդ ծառից բաժին հանել. ինչքան բաժանեցի, էնքան շատացավ. սպասի գնամ, գամ:

-Իմ բաժինը դիր մի պինդ տեղ պահի, որ թթվի էլ, ոչինչ, գինի կքաշենք: Բայց ատամներդ…

-Բան չկա, ոչինչ, մի քանի օր իրար վրա ցորեն ծամեցի, կոտրատվեց. հաց չկար տանը:

-Աշակերտ, գործ բան  չկա՞:

-Չէ, աշակերտ չունեմ հիմա, հավաքարարության վրա եմ, դե էդ գործն էլ մի քիչ կայուն բան չի: Սպասի, գիրք կա մոտս, քեզ նվիրեմ:

-«Լրջացող խա՞ղ». էս մեկը չունեմ: Լսի, բայց հերիք չի՞ ձեր արյուն-քրտինքը մեզ ձրի-ձրի բաժանեք: Գիրք տպելը խումարի պես մի բան է. բայց ամեն հաջորդ հարբեցողության հաշիվը պիտի ընթերցողդ փակի: Դուրս է գալիս, որ հենց քո ընթերցողներն են ջարդել ատամներդ:

-Հիմա ընթերցողները գրողներ են դարձել, գրողներն էլ՝ ընթերցողներ: Ամեն ինչ կարծես գլխիվայր շրջվել է: Մարդը մոլորվում է, իսկ մոլորված ոչխարից վատ բան չկա։ Իմ կարծիքով, գրականությունը հիմա ավելի կարևոր դեր ունի,  քան երբևէ, որովհետև հիմա ամեն ինչ մի տեսակ բարձրակետերի, պիկերի է հասել՝ թե՛ լավ, թե՛ վատ առումներով։  Մարդկանց ճաշակի, վարվեցողության, ամեն ինչի մեջ շատ խորը անդնդահատակներ կան:

- Գոհար, գրողների մի պատկառելի խումբ այն կարծիքին է, որ պիտի մեղքի մեջ կորես, ապականվես մինչև վերջ, որ հետո խոստովանություն դառնա գիրդ, գրիչդ ավելի խորը փորի, իսկ մի մասն էլ ասում է, թե անմաքուր խղճով մի ազնիվ տող էլ չի գրվի: Հիմա, հուշիր ինձ խնդրեմ՝  ո՞ր կողմից է սուտը փչում:

-Գրելը էգոիզմ է, որը մեջդ արագ ճյուղավորվող  մի ուռուցք է առաջացնում։ Քաղցկեղն, իհարկե, օրգանիզմի համար հրեշավոր բան է, բայց մենք ամենուր քաղցկեղի ականատեսն ենք բնության մեջ։ Ցանկացած, նույնիսկ լավ երևույթ իրենից հենց քաղցկեղ է ներկայացնում։ Ծնվեց մի բան, ճյուղավորվեց, տարածվեց: Ծառը հենց քաղցկեղի կերպարն է: Գիրն էլ հենց այդ ծառն է, այդ քաղցկեղը: Գրով դու քո ծառն ես ջրում. դու քեզ ես փրկում։ Գրելը եսամոլություն է։

-Արմեն Շեկոյանն ինձ հետ զրույցում, ավելի ծանր մեղք վերագրեց գրողներիդ, ասաց՝ փառասիրությունից դրդված ենք գրում: Բայց, անկեղծ ասած, ձեզնից յուրաքանչյուրը մի  առանձնահատուկ դեպք է: Եթե դու իսկապես փառասեր լինեիր, գրով զմռսված քո պարկերի գոնե մի մասը կդատարկեիր համացանցում, բայց քո պետքը չի, որ այնտեղ դու ընդամենը երկու փոքրիկ պատմվածք ունես:

-Ես համակարգիչ չունեմ. չգիտեմ: Եթե թուղթուգրիչ եմ ունենում այդ օրը, ագահորեն այնքան եմ գրում, մինչև վերջանում է: Այնքան բան կա ինձնից հեռացնելու: Բայց մի օր թուղթ չկա, մի օր՝ գրիչ: Երկուսն իրար հետ իսկական արքայություն է:Բայց երբ գրելիքդ չես գրում, ինքն ինձ կարող է մահճակալին գամել, կարող է սպանել, գժվացնել, կարող է այդ բանը ես խոսելով փողոցում քայլեմ: Ներսից ինձ խժռում են այդ գործերը, ես չեմ կարող իրենց իմ մեջ պահել, ես պիտի դուրս հանեմ, արտազատեմ: Հետո, իհարկե, պիտի երեխայիդ «հորով-մորով» անես, բարուրես, շոր հագցնես, լողացնես, մազերը սանրես և ուղարկես մարդկանց մոտ հաղորդության:

-Գոհար, դե ցանկացած ստեղծագործող էլ մի որբ երեխա է: Պարզվում է, ամենասուր սկլերոզի դեպքում անգամ մարդն իր մանկությունից պատառիկներ է հիշում, իսկ  մեծ ստեղծագործություններն էլ  հիմնականում կառուցված են  մանկության ենթագիտակցական հոսքերի վրա. ինչ կապ ես այստեղ տեսնում: Վերջերս ինձ շատ է զբաղեցնում մարդու կապեր գտնելու շնորհները, չգիտեմ ինչու:

- Գիտես, գրականության մարդը չպիտի լինի միսիոներ, երբեմն խճճանքը ավելի օգտավետ է, քան կոնկրետ ճանապարհ ցույց տալը, որովհետև այնքան դավանանք կա:  Երբ կյանքը խճճված է ու գրողին հաջողվում է այդ խճճանքը արտահայտել, դրա մեջ ավելի շատ փրկություն կա: Մի բան պատմեմ իմ մանկությունից.

Մայրիկս փոքր ժամանակ ինձ շատ էր ծեծում։ Լավ կերակրել է, դաստիարակել, հագցրել, բայց հետը անիմաստ հարվածել է: Մի օր հյուրեր ունեինք, խորոված էին արել, և ես կրակի վրայով թռա ու ոտքերիս տակն այրվեց։ Ու առաջին բանը, որ մայրս արեց՝ ինձ ծեծելն էր: Ինքն  այդ պահին չզգաց, որ ես ցավ եմ քաշում։ Ես դա չէի մոռանում. ահա ասում ես կապ՝ տես կապը, երբ մի անգամ մի հնդկական կինո էի նայում, և այդ աղջկան անընդհատ ապակիների վրա պարացնում էին, իմ ոտքերը սկսեց ուժգին ցավել:

-Այո, ցավն ունի հիշողություն…

-Գիտես, երբ վառվեցի, այ հենց այդ պահին եթե մայրս ինձ գրկեր, համբուրեր, մի անուշ բան ասեր, ես կմոռանայի այդ ցավը: Ես նրան ներել եմ, իհարկե, բայց ոտքերս երբեմն սարսափելի այրվում են, ու ես դարձյալ հիշում եմ ուժեղ  ցավի վրա լցված այդ ցավը: Այդ ցավն, իհարկե, չի կարող պակասեցնել մորս նկատմամբ իմ սերը, բայց ցավը կա, ցավը մնում է:

-Լսի, տեսնո՞ւմ ես, իմ պատշգամբից ինչ սիրուն է երևում քո Սարի թաղը: Բայց դու այս ճարտարապետությանը մի հատ էլ այս կոորդինատից  նայի, ճարտարապետությունից խոսուն բան դժվար է գտնել. բոլոր տները քիթ քթի ու եթե մեկն իր ննջասենյակում ոտուձեռքը մի քիչ հավեսով շարժի, պատշգամբում կանգնած հարևանի քիթը կվնասի: /Ծիծաղում ենք.Վ.Ս./ Հիմա ուզում եմ իմանալ, էդ ավանդական, մի կոմունալ տան պես ապրող թաղը քեզ ինչպե՞ս է հանդուրժում: Պատվածքներիցդ մեկում նեղացվածություն տեսա, երեխաների ֆուտբոլի գնդակն առար ձեռքներից և միայն պատմվածքի վերջում մի կերպ հետ տվիր:

-Վայ, կարդացե՞լ ես դա: Տարիներ առաջ այդ  ծաղրուծանակը կար, ոնց չկար, մի սարսափելի  հալածանք էր: Հիմա դրանից ոչ մի բան չի մնացել։ Իրենք ինձ հալածում էին, ես իրենց սիրում էի, դրա համար էլ իրենց այդ ատելությունը վերջացավ։ Հետո որ առաջ զուգարան չունեի, հարևանների հետ անընդհատ անախորժություններ էին լինում, հիմա տեսել ես ինչ պստլո, սիրուն զուգարան ունեմ:

-Հա, մեծ նվաճում էր. կյանքը զուգարանից առաջ իսկական աղետ էր, բայց  զուգարանից հետո էլ կարծես առանձնապես չքաղցրացավ, չէ՞: Քանի՞ տարեկան էիր, որ զուգարանատեր դարձար: 

-5 տարի առանց զուգարանի ապրեցի, էլի:

-Բա. եթե մի ոսկեթաս զուգարան ունենայիր, ինչպե՞ս կգրվեր քո հրաշալի պատմվածքը՝ «Ծաղկի տաբուն» : Ես ու դու էլ  համալսարանում չէինք հավատում մեր այն սոցռեալիստ դասախոսներին, որոնք պնդելով պնդում էին, թե գրականությունը պիտի կյանքի կեղտը ջրի երես հանի, հետո սովորեցնի, թե ինչպես պետք է մաքրել այդ կեղտաջրերը: Տեսա՞ր ինչպես կոփվեց պողպատը: /Ծիծաղում ենք.Վ.Ս./

-Եթե սոցիալիզմի հետքերով գնայինք, այսօր դուրս կգար, որ իմ հավաքարարությունն է ամենաիսկական գրականությունը: Բայց հումորը մի կողմ, շատ տանջվեցի էդ զուգարանի ձեռքը:

Առավոտյան ժամը ութից սկսվում էր իմ՝ հավաքարարի աշխատանքը, ու պետք է արագ հասցնես ամեն ինչ՝ տունը, քեզ, կատուներին…ու վեր ես կենում, չգիտես ինչպես ավազով թաքցնես էդ բանը, դրա համար էլ լիքը արևածաղիկներ աճեցին այդ կղանքի վրա։ Հիմա էլ զուգարան ունեմ, ջուր չունեմ: Կաթիլի տակ է ՝ խողովակը ծակվել է, ու ջուրը կաթ-կաթ գալիս է։ Նաև մի տարուց ավելի  լույս չունեմ, մոմի լույսի տակ եմ ապրում։ Ջուր է լցվել ու լարերը վնասել:


-Գոհար, լավ էլի…բա գոնե մի մասնագետի դիմի, մի տարի առանց լույսի կնստե՞ն: Գրողների միության անդամ ես, այդ միությունը չի կարողանո՞ւմ գոնե մեկի ձեռքից մի փուշ հանի, մեզ ասեիր. առանց ջրի ու լույսի ապրել կլինի՞:

-Մեր լույսի մարդը՝ հոյակապ տղա է. խոստացել է, որ մեկին անվճար կուղարկի: Բայց դե դարձել եմ մենակյաց, հատկապես  չեմ սիրում, որ տղամարդ է իմ տուն գալիս։

-Ե՞րբ հիասթափվեցիր բոլոր տղամարդկանցից։ Եվ ընդհանրապես, ի՞նչ հասկացար դու նրանցից:

-Երբ զգացի, որ առանց տղամարդու չեմ կարող ապրել, այդ ժամանակ հիասթափվեցի։ Զգացի կախվածություն, իսկ քանի որ ես վայրի եմ, ազատ, տանել չեմ կարող կախվածությունը: Բայց, ցավալի էր շատ, երբ պարզեցի, որ ես առանց տղամարդ չեմ կարող ապրել։ Դրա համար ես դուռը փակեցի։ Չկարծես, թե ես սեռական պահանջի մասին եմ խոսում, ոչ: Ուղղակի կախվածությունը նախևառաջ գրելուն է խանգարում: Ես բնույթով այդպիսին չեմ, բայց հիմա ավելի շատ եմ մտածում երկսեռության մասին՝ կրես երկուսին էլ քո մեջ ու փակվես, գրես, գրես:

-Դե եթե հոգևոր իմաստով երկսեռ չլինես, դժվար էլ մի հզոր բան կարողանաս ստեղծել: Չէ, որ գրողը միշտ էլ իր մասին է պատմում, նրա բոլոր հերոսներն էլ ինքն է, որ կա: Բայց, ըստ քեզ,  քո գիրն ավելի շատ արո՞ւ է, թե՞ էգ ։ Քո կարծիքով  կա՞ այդպիսի բաժանում՝ էգ կամ արու գիր։

-Ես առանց հեղինակի անունն իմանալու, կարողանում եմ գրից սեռը գուշակել: Իհարկե՝ կանացի գրականություն կա։ Ես էլ դրանից չեմ խորշում, բայց դրա մեջ տղամադրու այնքա՜ն մեծ արանք կա:

- Աշխարհում այսօր գրականության օլիգարխները հենց  կանանց համար նախատեսված վեպեր գրողներն են…

-Ամերիկայում, Եվրոպայում՝ միգուցե:

-Ինչո՞ւ, նույն Ռուսաստանում էլ Դոնցովան,  Շիլովան, Ակունինը միլիոնատերեր են դարձել խաղալով խեղճ կանանց զգացմունքների և գրգիռների հետ:

-Դու այդպիսի գրականությո՞ւն էլ ես կարդում:

-Դե, չէի ասի, որ բարձիս տակի գրքերը դրանք են, բայց նրանց բումի մասին ամբողջ աշխարհն է արդեն խոսում: Բայց դու արական սեռի հանդեպ կարծեմ միշտ խոնարհ ես եղել, ի՞նչ ճանճ կծեց քեզ:

-Հա, ես եղբորս եմ շատ սիրում, հորս եմ շատ սիրել։ Ու նրանց շնորհիվ արական սեռի հանդեպ միշտ պատկառանք ունեցել եմ: Բայց չգիտեմ, դա խոնարհություն է, թե՝ չէ:

-Ես օրինակ, չեմ կարողանում հասկանալ հարսանեկան այն ծիսակարգի իմաստը, որ աղջկանից՝ հնազանդ, իսկ տղայից տեր լինելու խոստում է կորզում: Իմ կարծիքով, դա ամենևին էլ կապ չունի քրիստոնեական արժեհամակարգի հետ. քրիստոնեությունն ահագին ազատ ու բաց ուսմունք է: Ինչպե՞ս է տղամարդը տեր, Տերն ընդհանրապես մեկն է, այն էլ՝ երկնքում:

-Քրիստոնեական արժեհամակարգը երբեք չի ստորադասում կնոջը: Չեմ ուզում կրոնի  հարցերը հիմա  շոշափել, բայց ընդհանրապես կանայք միշտ ավելի նրբանկատ են, քան տղամարդիկ: Տղամարդու մեջ միշտ անասունը ավելի շատ է, քան կնոջ։ Նման բաները ես հասկացել եմ, զգացել եմ։ Բայց ես ծնվել եմ այսպիսին, որ միշտ արական սեռի հանդեպ մեծ հարգանք ունենամ, ու այդ բանը իմ գրականության մեջ էլ է երևում ու կերևա։

-Սակայն՝ տես, Ռենեսանսից միչև  Լուսավորականություն ոչ մի հայտնի կին գրող չի երևում: Անտիկ շրջանից մեկ երկուսին կարող ենք ընդամենը հիշել՝ Սապֆո, Էրիննա, էն էլ նրանց մի քիչ դժվար է կին ասելը, իսկ երբ կանանց մի աստղաբույլ վերջապես մուտք գործեց գրականություն՝ Ժորժ Սանդ, Շառլոթ Բրոնտե, նորագույն շրջանում նաև՝ Վիրջինյա Վուլֆ, նրանց թիվը հազարապատիկ պակաս էր տղամարդկանցից: Ինչո՞ւ. մտածե՞լ ես այս մասին:

-Դե կանանց կյանքի պայմանները, մոր ընդգծված դերակատարումը: Ընդհանրապես շնորհքի ակունքը հայրական է, որը երկսեռ է՝ ծնող կարգախոսով է պիտակվում։ Դրանից գալիս է՝ ես կին եմ, տղամարդը՝ իմ  սիրելի կերպարը։ Դրա համար էլ շնորհքն ինձ համար հանճարից բարձր է։ Ես ոնց որ հետադամյան վիճակում լինեմ։ Այսինքն՝ Ադամ-Եվա, տղամարդ-կին։ Բայց ակունքը գալիս է երկու սեռից, երբ միասին են։ Աստվածային ինչ-որ բան գա գրելու, ստեղծագործելու մեջ։  Ես ինձ շատ հարգեցի, որ գրեցի «Փողոցային փիփերթը»։ Ես փառասիրությունից կամ մեծամտությունից դրդված չեմ ասում։ Գրելով ես զգացի, թե ինչքան լավ աղջիկ կերպարներ կարելի է ստեղծել:

-Տղամարդկանց ականջը խուլ, բայց հիմա արդեն կանանց էպոխա է սկսվել: Արտադրական շրջանը մկանուտ աշխատանք էր պահանջում, բայց հիմա հսկայական գործարաններին փոխարինելու է գալիս ընդամենը մի սենյակ, հիմա դժվար է արդեն կանանց հետ մղելը. սա արդեն ծառայությունների, էմոցիաների, ենթագիտակցական, ինտուիտիվ հոսքերի ժամանակ է, որի տիրակալը կինն է:

-Գրականությունն էլ  յուրովի է դրան մասնակցում, իհարկե:  Հիմա վիշապի նման ինքը մաքրում է հոգիները՝ չարենցյան քամի է բռնել, զտում է հոգիները, որի մեջ լիքը բան կարող է լցվել։ Այ իսկական գրողը նա է, ով կկարողանա կողմնորոշվել գոնե։ Ասելիք շա՜տ կա, թվում էր՝ պոեզիան իրեն սպառել է, բայց միայն թվում է: Պոեզիան չի կարող մեռնել: Անցյալ դարը նշանավորվեց նրանով, որ Ամերիկայում նոր տեսակի արձակի սկիզբը դրվեց, որը Աստվածաշնչյան աղերսներ ուներ։ Այսինքն՝ այս ժամանակը կրկին շաղկապվեց հոգևոր թեմաների հետ:

-Գոհար, ասա ինձ խնդրեմ, լավ մարդիկ քեզ շա՞տ են հանդիպում։

-Շատ։ Այնքան շատ են, որ մեկ-մեկ նրանց անունները չհիշելու համար ինձ չեմ ներում։

-Որ առաջին  անգամ գնացիր այդ սև գործերին, վիրավորանք կա՞ր ներսումդ։

-Հա՜։ Ես ահավոր չէի սիրում ավլել, բայց ավլում էի։ Հատակի փայտ բռնելիս սկզբում  ինձ թվաց, թե  մի երկար, անվերջանալի առնանդամ են տվել ձեռքս։ Այնպես վիրավորական էր։ Ագրեսիա կար մեջս, ատում էի այդ գործը։ Հետո պարզվեց, որ լավ եմ անում այդ գործերը, որ ինձ սկսում են հարգել, հետո կռիվ են անում ինձ համար, թե ես որտեղ պիտի աշխատեմ։ Հիմա հպարտանում եմ դրանով։ Դարձել եմ պրոֆեսիոնալ։ Ավլել հատկապես դրսի տերևները չէի սիրում։ Ես տերևների պաշտանմունք ունեմ։  Տերևն ինձ համար ծառից, ծաղկից թերագնահատված չէ։  Տերևն  ինձ համար ուրիշ  բան է ու երբ ինձ ասում են՝ ավլի, ես ասում եմ՝ ախր այս թեփուկներով բարձ դուրս կգա։ Օրինակ՝ Սոնա Վանը մի անգամ ինձ ասաց՝ ես իմ շեմի  աշնան տերևները  չեմ ավլում, գեղեցիկ է, ոսկեգույն։ Ես ուրախացա, որ կա այդպիսի մեկը։

-Վանո Սիրադեղյանն իր   քաղաքապետ ժամանակ արգելում էր այգիների տերևներն  ավլել

-Մի տնօրեն ունեի, շատակեր, կոպիտ, մի օր եկավ՝ թե ինչու այս  տերևները չես ավլել, բարկացա՝ ասի քեզ է պետք ավլել: 

-Բա դու այդ քո նուրբ էությամբ ո՞նց ես կարողանում այդ շերտի հետ լեզու գտնել,  թե՞ դա էլ մեկ ուրիշ խրախճանք է, գրականության առատ նյութ:

-Գիտես,  ֆիզիկական գործից ես սկսեցի ինձ լավ զգալ։ Հիմա ես համարյա չեմ հիվանդանում: Մի ամբողջ հարսանիքի աման եմ լվանամ ու ոչինչ չեմ կոտրում։ Կարող է ձեռքս կոտրված ապակու մեջ մտցնեմ ու անվնաս դուրս հանեմ, նման բաներ եմ հայտնագործել իմ մեջ։ Կարող եմ 5 րոպեում կտրատել 200 հոգու համար հաց ։  Սովորեցի օգտվել չինական տապոռից: Այս ամենը շատ հետաքրքիր է և նաև զվարճալի: Գիտես, այդ ռեստորանների տերերը բոլորը չէ, որ բութ և շատակեր են. հրաշալի մարդիկ էլ կան, արվեստի, գրականության սիրահարներ: Ես հանդիպել եմ: Ես չեմ սիրում մարդկանց նեղացնել, կյանքումս մի ճանճ, մի  մրջյուն չեմ սպանել։ Խորացած հավատացյալ չեմ, բայց զգում եմ, որ ծնելու համար եմ այս աշխարհ եկել, ոչ թե՝ սպանելու։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել