Tert.am-ը գրում է.

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով  սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակին զուգընթաց գործընթացին, երբ որևէ ընդդիմադիր գնում է նախագահական ` քաղաքական խորհրդակցությունների, անմիջապես «պեղվում» են նրա` նույն հարցի շուրջ 180 աստիճանով հակառակ մոտեցումները, նշում է, որ նախևառաջ մեղավոր են քաղաքական ուժերը, որոնք իրենց գործելաոճով, իրենց քաղաքական  արագ տրանսֆորմացիաներով առիթ են տալիս նման վերաբերմունքի:  Բայց նա նաև կարծում է, որ  հասարակության և ֆեյսբուքյան հասարակության վերաբերմունքն էլ շատ դեպքերում ոչ ադեկվատ է լինում:

-Սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակին զուգընթաց մի գործընթաց է «Ֆեյսբուքում» ու մամուլում, որ այսինչ ընդդիմադիրը` երբեմնի կամ ներկա, գնաց նախագահական ու որ նա «այո»-ի հաճախորդ է: Այս մոտեցումը որքանո՞վ եք ճիշտ և կամ օբյեկտիվ համարում: Եթե այո, ապա ո՞վ է այս վարկաբեկման համար  մեղավոր` այդ քաղաքական գործիչներն իրե՞նք:  Թե  հասարակությունն ու մամուլն էլ մեղք ունի, որ համացանցի այս դարում հիշում է ամեն ինչ ու «պեղում» այդ քաղաքական գործիչների 180 աստիճանով հակառակ մոտեցումներն արձանագրող մեջբերումների` մի քանի տարվա վաղեմությունից մինչև մի քանի ամսվա:


-Կարծում եմ` տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ այս վերաբերմունքը պետք է տարբերակված լինի թե՛ հասարակության, թե՛ հասարակության տարբեր շահերը սպասարկող մամուլի կողմից, որովհետև կան քաղաքական ուժեր, ինչպիսին օրինակ` ՀՅԴ-ն է, որն ի սկզբանե վերջին տարիներին անընդհատ ազդարարում էր, որ կողմնակից է, որպեսզի Հայաստանը լինի խորհրդարանական տիպի կառավարման երկիր` 100 տոկոսանոց համամասնական համակարգով, և այլն, և այլն: Բայց կան ուժեր, որոնք իսկապես մի քանի ամսվա մեջ անընդհատ փոխել են իրենց դիրքորոշումը: Նույն ԲՀԿ-ն`վերջին մի քանի ամսվա ընթացքում իր դիրքորոշումը Սահմանադրության հանդեպ փոխում էր և, բնական է, որ հասարակության դիրքորոշումը այդ քաղաքական ուժի փոփոխվող դիրքորոշումների հանդեպ, օբյեկտիվ և ադեկվատ է` որոշ վերապահումներով: Որովհետև, երբ անընդհատ փոխում են դիրքորոշումներ, ինչ-որ մի փուլում հասարակությունն իրեն խաբված է զգում: Բայց ԲՀԿ-ի դեպքում էլ որոշակի վերապահումներ ունեմ, քանի որ մի քանի անգամ արդեն ասել եմ` մենք պետք է օբյեկտիվորեն արձանագրենք ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի օրոք և հիմա բավականին  տարբեր քաղաքական ուժեր են, անունն է նունը, բայց թե՛ ռեսուրսները, թե՛ քաղաքական կապերը և թե տնտեսական ու քաղաքական հնարավորությունները: Եվ այն քաղաքական ակտիվը, որը ժառանգել է «Բարգավաճ Հայաստան» անունը, հիմա լրիվ այլ պայմաններում է գործում և, երևի թե, սկսել է հարմարվել  նոր իրողություններին, այդ թվում փորձում է  ապագայի  իր տեղն ապահովել արևի տակ` ինչ-ինչ հարցերում ավելի մեղմ դիրքորոշում ընդունելով իշխանության նախաձեռնությունների հանդեպ: Այնպես որ, կրկնում եմ, տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ պետք է լինի դիֆերենցված մոտեցում: Կան ուժեր, որոնք, այո, ամիսը մեկ 3-4 իրարամերժ դիրքորոշումներ են ընդունում, կան ուժեր, որոնց դիրքորոշումները անհասկանալի են: Օրինակ բերեմ «Ժառանգությունը» , որի մեջ շատ դեպքերում տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում: Նույն Սահմանադրության նախագծի նկատմամբ: Ամփոփելով` կարող եմ ասել, որ նախևառաջ մեղավոր են քաղաքական ուժերը, որոնք իրենց գործելաոճով, իրենց քաղաքական  արագ տրանսֆորմացիաներով առիթ են տալիս նման վերաբերմունքի: Իհարկե, հասարակության և ֆեյսբուքայն հասարակության վերաբերմունքն էլ շատ դեպքերում ոչ ադեկվատ է լինում: Գիտեք` նման տրենդ է ձևավորվել, որ ամեն ինչ քննադատելը ինքնահաստատվելու կամ ոմանց ռեյտինգ բերելու հնարավորություն է տալիս ու շատ մարդիկ շատ հստակ որսում են այդ տրենդն ու փորձում  ինքնահաստատվել: Սա ամենագլխավոր պրոբլեմներից մեկն է, որովհետև մի բան է վիրտուալ աշխարհում գործելը, մեկ այլ բան` վիրտուալ աշխարհից դուրս գալ փողոց և այնտեղ գործել: Շատ-շատերի մոտ միայն վիրտուալ աշխարհում է ստացվում: Բերեմ օրինակ այն երևույթը, երբ տարբեր «ոչ»-երի  կարգախոսով ինչ-որ խմբեր են ստեղծվում, որում 10 000 հոգի են գրանցված լինում փող դուրս գալու համար, մեկ էլ տեսնում ես, որ փողոց դուրս է եկել 20-25 հոգի:

Մյուս կողմից ես չէի ասի, որ սահմանադրության փոփոխությունների հանդեպ` այսպես ասած` «ոչ»-ի ընդդիմությունը կազմակերպված ուժ է իրենից ներկայացնում: Եվ այսօրվա դրությամբ միակ քիչ թե շատ լուրջ քաղաքական ուժը, որն այսօր հստակ դիրքորոշում է հայտնում, ՀԱԿ-ն է, որի դիրքորոշման հետ կարելի է համաձայնել, կարելի է ոչ, բայց չես կարող չհարգել, որովհետև այն շատ հստակ է:

-«Ժառանգությունն» էլ չմոռանանք, որովհետև իրենք էլ չգնացին նախագահական ու ոչ են ասում փոփոխություններին:

-«Ժառանգությանն» էլ չմոռանանք, բայց «ժառանգության» մասով որոշ վերապահումներ ունեմ և ելնելով նախորդ փորձից` վստահ չեմ, որ երեկվա իրենց որոշումը (չգնալ Բաղրամյան 26) այդ կուսակցության տարբեր առանցքային դեմքեր  տարբեր կերպ չեն մեկնաբանի: Ըստ որում, հենց այսօր կամ վաղը: Սկսած հենց Րաֆֆի Հովհաննիսյանից:

-Մանավանդ, որ կոնկրետ իր դիրքորոշման մասին ոչինչ հայտնի չէ լրատվամիջոցներին:

-Բավական է հիշել` անցյալ անգամ ինչ եղավ նախագահի հետ հանդիպումից: Մինչ օրս էլ հստակ չիմացանք` ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումն այն ժամանակ ո՞րն էր: Դրա համար որոշակի վերապահումով եմ մոտենում, բայց և չեմ կարող չարձանագրել, որ համենայնդեպս, եթե վարչությունը ՀՀ Նախագահի առաջարկը մերժել է, ապա դա ընդդիմադիր դիրքորոշում է: Արմատական ընդդիմադիր դիրքորոշում է:

-Հենց դրանից ելնելով` մենք կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա դրությամբ արմատական ընդդիմադիրներ են մնում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

-Կարծում եմ` այսօր քաղաքական դաշտի բյուրեղացման մի նոր շրջան է: Երկար ժամանակ ԲՀԿ-ի տրանսֆորմացիայից հետո, այսինքն` փետրվարյան իրադարձություններից հետո բոլորս ասում էինք, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում որոշակի վակուում է ձևավորվել, որը ամենայն հավանականությամբ պետք է փորձեն լցնել նոր ընդդիմադիր ուժերը:  Սակայն այս ամիսների ընթացքում, կարծես թե, այդ վակուումն այդպես էլ չլցվեց նոր ընդդիմադիր ուժերով, որի կարիքը, անկասկած, կա: Եվ, բնականաբար, այսօր մենք նորից  պետք է փաստենք` լավ  է դա, թե վատ, այսօր ՀԱԿ-ը, հասկանալով, որ այս ամիսների ընթացքում որևէ այլ ուժ այդպես էլ չկարողացավ իր այդ նիշան գրավել, նորից փորձում է այդ դաշտում դոմինանտ դեր կատարել: Ես կարծում եմ` նույնը փորձելու է անել նաև «Ժառանգությունը»: Սակայն կարծում եմ, որ «Ժառանգության» հարցում որոշակի շահագրգռվածություն պետք է լինի նաև իշխանական օղակներից, որովհետև իշխանությանն էլ ձեռ չի տալիս, որ քաղաքական դաշտում ռեալ ընդդիմադիրներ չլինեն:

-Դուք նշում եք ՀԱԿ-ը, բայց հենց ՀԱԿ-ի պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը, որպես Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավար գնաց ու «Ազատության» հետ զրույցում էլ նշել էր, որ  վիրավորված է, որ իր գործընկերները մամուլի միջոցով իրեն անվանել են «այո» -ի հաճախորդ: Մյուս կողմից, Լյուդմիլա Սարգսյանն արդյո՞ք ՀԱԿ-ի հետ պայմանագիր էր կնքել, որ պետք է միշտ համակարծիք լինի:

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն անդամակցում է ՀԱԿ-ին, եթե այն ինքնուրույն է, ասենք` նույն Լյուդմիլայի կամ Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, ազատ է իր դիրքորոշումներում: Եվ եթե պառլամենտական ֆրակցիայի անդամ է, դա չի նշանակում, որ չեն կարող ունենալ իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի շուրջ: Առավել ևս, եթե այդ հարցը գլոբալ հարց է, ինչպիսին են` Սահմանադրությունը` ներքին քաղաքական խնդիրներում, արտաքին քաղաքական կողմնորոշումները` արտաքին քաղաքական հարցերի հետ կապված: Նորմալ եմ, համարում, որ ՀԱԿ-ին անդամակցող որոշ կուսակցությունների դիրքորոշումները կարող են արմատապես տարբերվել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժի տեսակետից: Եվ, առհասարակ ու ցավոք սրտի, Հայաստանում պրակտիկա է դարձել, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը, պիտակավորվում են քաղաքական ուժերը, մոռացվում են երեկվա խոսքերը, բարեկամական հարաբերությունները: Կարծում եմ` դա էլ նորմալ երևույթ չէ:

-Իսկ իրավունք ունե՞ն պահանջելու, որ Լյուդմիլա Սարգսյանը վայր դնի մանդատը, թեպետ տիկին Սարգսյանն ինքը արդեն ասել է, որ չի դնի, քանի որ այն ինքը ոչ թե ստացել է, այլ` վաստակել:

- Ֆորմալ առումով ոչ, բայց այս տիպի հարցերը իրենց ներֆրակցիոն հարաբերությունների հարցեր են` կախված նրանից, թե ճանապարհ  մեկնելուց իրար հետ ինչ են պայմանավորվել ժամանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել