Մեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Մանուկյանը

Դավիթ,Սահմանադրական փոփոխությունների շուրջ միասնական ճակատով պայքարը հնարավոր համարո՞ւմ եք։ Արդյոք այդ պայքարը քաղաքական ուժերի հետ չի՞ տանի փակուղի: 

Ես չգիտեմ, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ հաշվարկներ ունի այդ պայքարը տանելու կամ չտանելու առումով։ Այնուամենայնիվ, պայքար պետք է ծավալվի, քանի որ ներկայացված նախագիծն ուղղակի խայտառակություն է։ Սակայն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ միասնական ճակատ չեմ պատկերացնում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հաշվարկները, իր մոտեցումներն ունի, և յուրաքանչյուր պահի կարող է ինչ-ինչ քաղաքական առաջարկներ ստանալու դեպքում փոխել իր կարծիքն ու տեսակետը։ Եվ եթե անգամ քաղաքական ուժերի հետ պետք է միասնական ճակատ լինի, ով էլ կազմի այդ ճակատը, կհորդորեմ, որ շատ զգոն լինեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժի համար այն առևտրի լայն հնարավորություն է լինելու։

Նախագծում ո՞ր դրույթներն են   Ձեզ ամենաշատը մտահոգում՝ հավաքների ազատությո՞ւնը։

Քանի որ իրավաբան չեմ, քաղաքագետ եմ, նախ դատում եմ քաղաքագիտական ասպեկտից։ Այս քաղաքական իշխանությունը չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, նա դեռ պետք է աշխատանք տանի վստահության վերականգնման և ներկա Սահմանադրության գոնե չոտնահարման համար։ Նույնիսկ եթե փոփոխությունների նախագիծը լինի շատ լավը, ապա ոչ լեգիտիմ, վստահություն չվայելող որևէ իշխանություն որևէ նորմալ երկրում՝ նորմալ քաղաքական համակարգի գործառնության պայմաններում, չի էլ հանդգնի նման փոփոխություններ նախաձեռնել։   

Սահմանադրական փոփոխություններ անվանումն արդեն իսկ սխալ է, սրանք սահմանադրական փոփոխություններ չեն, սա բոլորովին նոր սահմանադրություն է։ Սահմանադրական փոփոխություն է այն դեպքում, երբ մեկ-երկու կետի լրացում են կատարում, մինչդեռ այս դեպքում նոր սահմանադրություն է, որով ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը։ 

Բացի այդ, գործող սահմանադրությունը չի պահպանվում, ոտնահարվում է հենց իշխանության կողմից։  Եվ ուրեմն ո՞րն է ավելի լուրջ խնդիր՝ նոր սահմանադրություն ունենա՞լը, թե՞  նախևառաջ սովորել սահմանադրություն կիրառելը։ Նախ այդ մշակույթը մեզանում պետք է լինի, որ հետո մտածենք՝ արժե՞ փոխել սահմանադրությունը, թե՞ ոչ։Ի վերջո, եթ դու ունես ու չես կիրառում, ինչ տարբերություն, թե որ   մեկն ունես։   

Մյուս խնդրահարույց կողմը հետևյալն է. գոյություն ունի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, արդյոք այդ հանձնաժողովի անդամները ի դեմս սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի, ոչ շահագրիռ կո՞ղմ է։ Ես խիստ կասկած եմ, որ Գագիկ Հարությունյանը շահագրգիռ կողմ չէ։ Նա այսօր ՍԴ նախագահն է, օրինակ՝ եթե հանրաքվեի արդյունքները որոշեն վիճարկել, չէ՞ որ ՍԴ-ում պետք է վիճարկեն,   ինչպես ընտրությունների արդյունքներն են վիճարկում, իսկ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահն է, մի՞թե ինքը շահագրգիռ կողմը չի լինելու։ 

Այսինքն՝ արդեն իսկ մի շարք խնդիրներ կան զուտ կազմակերպման պրոցեսի մեջ։ Եթե անդրադառնանք դրույթներին, հավաքների ազատության, տեղեկատվություն ստանալու ազատության հետ կապված հոդվածներն են զգալիորեն վատթարացել:Ամրագրված է, որ հնարավոր է այն սահմանափակել, մինչդեռ գործող սահմանադրության մեջ նման սահմանափակում չկա։ Իսկ օրենքով սահմանափակումը վտանգավոր ձևակերպում է, երբ չի նշվում, թե որ դեպքերում այն կարող է սահմանափակվել։ 

Ստացվում է՝ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի կարող է շատ հանգիստ օրենքներ ընդունել և սահմանափակել մեր՝ տեղեկատվության ստացման աղբյուրները, օրինակ՝ այս կամ այն կայքերը արգելելով, կամ ցանկացած սահմանափակում՝ լինի տպագիր   թե էլեկտրոնային։ Էլ չեմ ասում հավաքների ազատության հետ կապված դրույթը, որը գործող սահմանադրության մեջ շատ ավելի լավ է ձևակերպված։

Ինչ է նշանակում մարդուն կյանքից զրկումը հակաիրավական չի համարվում, եթե դա խիստ անհրաժեշտություն է եղել, երբ չկա բացատրություն թե ում է անհրաժեշտ եղել կամ ինչ հանգամանքներում։   

Բացի այդ, ճիշտ է, նոր նախագծով նախագահը ձևական ֆիգուր է, բայց նրան պետք է ընտրի ընտրիչների ժողովը, այստեղ երևի թե վերցրել են Միացյալ Նահանգների փորձը, որտեղ նախագահն անուղղակիորեն ընտրիչների ժողովի կողմից է ընտրվում, բայց մի համեմատվեք Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ ովքեր են ընտրիչների ժողովի անդմաները, պատգամավորները և նրանց քանակին համապատասխան Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ։ Եթե այսօր գանք մեր իրականություն, ովքեր են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, դրանք այսօրվա լիսկաներն են և պատգամավորները, որոնց զգալի մասը ՀՀԿ-ականներ, որոնց վրա լրագրողներն իրենք էլ բավականին զվարճանում են։ Հիմա դրանք պետք է գնան ընտրեն նախագահ։ Որքանո՞վ է դա նորմալ, դատեք ինքներդ։ Երկրորդ՝ պառլամենտի երկփուլ ընտրություններն արդեն նորույթ են։ Ի՞նչ է նշանակում, որ եթե առաջին փուլում որևէ ուժ չի ստանում որակյալ մեծամասնություն, լինում է երկրորդ փուլ, այսինքն՝ սա հնարավորություն է ստեղծում, որ որևէ ուժ միշտ ունենա ամբողջական մեծամասնություն։  Այս սահմանադրությունը եթե անցնի, ՀՀ-ն վերջնականապես կդարձնի տոտալիտար երկիր։Նախևառաջ եթե այս սահմանադրությունը գործեր, մենք տեսնեինք որ այն գործում է, սակայն մեր կյանքում ինչ-որ բան լավ չէ, շատ տրամաբանական է փոփոխությունների գնալը։   

Լավ ենթադրենք այս սահմանադրությունը իսկապես վատն է, բայց ես չեմ տեսել այս նախագծում որևէ բացատրություն:Կան խնդիրներ, բայց ինչպես է այս սահմանադրությունը լուծելու այդ խնդիրները, ես դրա մասին չեմ կարդացել։ Մենք խնդիր ունենք արդարադատության համակարգում, և չկա բացատրություն, թե այս նոր սահմանադրությամբ որևէ խնդիր այդ համակարգում    լուծում ստանալո՞ւ է։ Այսինքն՝ իրավական դաշտում խնդիրներ կան, բայց որևէ բացատրություն չկա, թե այդ խնդիրներն ինչպես են լուծվում։  

Այսինքն՝ նախևառաջ ներկա իշխանությունը սահմանադրության մշակույթի կրողը պետք է լինի, հասկանա սահմանադրության արժեքը, իմաստը, նոր հետո մտածի սահմանադրական փոփոխությունների մասին։ Մի իշխանություն, որի հանդեպ չկա վստահություն, ինչպե՞ս կարող է նախաձեռնել նման կարևոր գործընթաց, որ իր երկրի   ապագայի հետ գործ ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել