Կյանքդ ավելի գունավոր է դառնում, երբ հասկանում ես ապրելուդ նպատակն ու իմաստը. Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ կմայրանա

Life.panorama.am-ը գրում է.

Ազգագրական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ կմայրանա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ դեկտեմբերին լույս աշխարհ կգա սպասված դուստրը.

«Հիմա հղիության հինգերորդ ամսում եմ գտնվում: Արդեն գիտենք սեռը՝ աղջիկ եմ ունենալու, շատ ենք սպասում մեր արքայադստեր ծննդին»,- նշեց երգչուհին եւ պատմեց կրկնակի մայր դառնալու իր զգացողությունների մասին. «Կյանքդ ավելի գունավոր է դառնում, երբ հասկանում ես ապրելուդ նպատակն ու իմաստը, մայրանալը աշխարհի ամենամեծ գանձն է, ամենամեծ հարստությունը: Կապ չունի, որ ես արդեն տղա ունեմ, միեւնույն է, կրկին բալիկ ունենալու իրավիճակը դժվարանում եմ պատկերացնել: Զգացողություններս առավել տպավորիչ էին, երբ իմացա, որ դուստր եմ ունենալու, դեռ չենք պատկերացնում, թե ինչպիսին է լինելու մեր փոքրիկը, միայն ողջ ընտանիքով անհամբեր սպասում ենք նրա ծնունդին»:

Գոհարն ու ամուսինը բալիկի անունը դեռ չեն որոշել. «Դեռ չենք որոշել, թե ինչպես կանվանկոչենք մեր դստերը: Այդ հարցը թողել եմ ամուսնուս հայեցողությանը, ասել եմ, որ նա որոշի մեր դստեր անունը: Պետք է ասեմ, որ բալիկի համար անուն ընտրելը իսկապես դժվար գործ է, միաժամանակ, կարծում ենք, որ ամեն անուն գեղեցկացնում է հենց անվան տերը»,- նշեց նա:

Գոհարը պատմեց, որ շատ է երազել դստեր մասին. «Քանի որ տղա ունեմ, երազում էի անպայման նաեւ աղջիկ ունենալ, բայց ամուսինս կարծում էր, որ երկրորդ բալիկը եւս տղա պետք է լինի, անգամ կատակելով ասում էր, թե քո տեսակը այնպիսին է, որ դու միայն տղա պետք է ունենաս»,- նշեց Գոհարն ու պատմեց որդու սպասումները քույրիկի ծնունդի վերաբերյալ.

«Տղաս՝ Հարությունը, շատ է ուզում, որ Նանե դնենք քույրիկի անունը: Արդեն պատկերացնում է, որ ինքն է քույրիկին մանկապարտեզ ուղեկցելու, որ խաղալու է նրա հետ, հաճախ անգամ անհամբեր կերպով հարցնում է՝ «Մամ, բա, երբ է գալու քույրիկը», ես էլ նրան խոստացել եմ, որ Ամանորին Ձմեռ պապիկն է նրան քույրիկ բերելու»:

«Սա շատ հաճելի զգացողություն է, փառք Աստծո, ես էլ բավականին հեշտ եմ տանում հղիությունը, ակտիվ եմ, էներգիայով լի, դրանից ելնելով էլ ինչպես առաջին հղիության ընթացքում, այնպես եւ այս անգամ կաշխատեմ մինչեւ վերջին ամիսը, արդեն նախատեսված տեսահոլովակներ, համերգային շրջագայություններ եւ անգամ մենահամերգ կա պլաններում»,- պատմեց երգչուհին:

Գոհար Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ բալիկի ծնվելուց հետո եւս երկար դադար չի տա. «Դստերս ծննդից հետո ընդամենը երկու շաբաթ դադար կլինի, այնուհետեւ կրկին կաշխատեմ: Բայց պետք է նկատեմ, որ աշխատելով հանդերձ շատ երկար տանից չեմ բացակայում, ուստի հաստատ կհասցնեմ անձամբ զբաղվել բալիկիս խնամքով, թեպետ ունենք շատ ուշադիր տատիկ, խոսքը սկեսուր-մայրիկիս մասին է, ով ամեն հարցում եւ մեծ բծախնդրությամբ օգնում է ինձ»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել