Tert.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համարում է թիվ մեկ հանրային գործընթաց՝ քաղաքական քննարկումների և հասարակության լայն շրջանակների ներգրավման և մասնակցության առումով: «Այս գործընթացը պետք է տեսնենք առաջիկա տարիների զարգացման մեջ»,-  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին՝ նշեց, թե կարելի է դիտարկել դրանք որպես գոյություն ունեցող տարբերակներից մեկը։ Զաքարյանը շեշտեց, որ հրապարակված նախագծով՝ հիմնական օրենքի մակարդակ են բարձրացրել հանրային բազմաթիվ իրավունքներ:

-Պարո՛ն Զաքարյան, ներկայացվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնական 7 գլուխները, ի՞նչ գնահատական կտաք։

-Սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջիկայում լինելու է թիվ մեկ հանրային գործընթացը՝ ինչպես քաղաքական քննարկումներ, այնպես էլ՝ հասարակության լայն շրջանակների ներգրավման և մասնակցության առումով: Նախ` մենք քաղաքական և հասարակական գործիչներս պետք է կարողանանք այդ քննարկումները հասու դարձնել հասարակության բոլոր խմբերին, քանի որ հրապարակված նախագծով հիմնական օրենքի մակարդակ են բարձրացրել հանրային բազմաթիվ իրավունքներ, ինչն էլ նշանակում է, որ մեր բոլոր քաղաքացիները պետք է շահագրգիռ մոտեցում ցուցաբերեն երկրի հիմնական օրենքի փոփոխությունների ընդունման գործընթացում: Կարծում եմ, որ դա կամրացնի հանրաքվեի դերը և նոր սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրային վստահություն ու մասնակցություն կապահովի: Այդ նախագծով ոչ միայն կառավարման ձևի փոփոխության, պառլամենտարիզմի հիմքերի ամրապնդման, քաղաքական համակարգում իշխանություն և ընդդիմություն գործակցության հավասարակշռման կամ պատասխանատվությունների բաշխման և հստակեցման հիմքեր են սահմանված, այլ ինչպես նշեցի, հիմնական օրենքի մակարդակով բարձրացվել է մարդու և քաղաքացու հիմնարար բազմաթիվ իրավունքների և պարտավորությունների  հստակ ձևակերպումներ: Կարծում եմ, որ իհարկե ներկայացված նախագիծը դոգմատիկ չէ, և քննարկումների ընթացում կարող է ընդունելի լինել նաև տարբեր առաջարկություններ, սակայն զարգացման այս փուլում առաջարկվող հիմնադրույթներն ընդունելու և նպատակային կիրառելու դեպքում կարող են նպաստել արդյունավետ կառավարմանը, ժողովրդավարական իրավունքի ամրապնդմանը, կուսակցական համակարգի կայացմանը, քաղաքացիական տարբեր իրավունքների լիարժեք իրացմանը և այլն:

-Վենետիկի հանձնաժողովն հրապարակել է իր նախնական եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-7 և 10-րդ գլուխների փոփոխությունների վերաբերյալ, ի՞նչ կասեք որոշ դրույթներ փոխելու առաջարկների մասին: Ի՞նչ կասեք առաջարկվող փոփոխությունների մասին:

-Ակտիվ քննարկման փուլում Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին անդրադարձ կլինի, սակայն դա քաղաքական ուժերի և հասարակության մոտեցման հարց է։ Այդ առաջարկությունները կարող են քննարկման արդյունքում ազդեցություն ունենալ վերջնական տարբերակի վրա, սակայն նախագծում արված առաջարկությունները դրանք, բնականաբար, ունեն նպատակ, հենց այնպես չեն։ Այն ինչ-որ նախագծում առաջարկվել է հանձնաժողովի կողմից՝ իմ համոզմամբ տարբեր երկրների ունեցած փորձի համախմբված տարբերակ է և միայն որևէ մոդելի վրա կանգնել իմ կարծիքով ճիշտ չի լինի՝ հաշվի առնել Հայաստանի իրողությունները և քաղաքական համակարգը։ Բոլոր առաջարկությունները, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկները մանրամասն քննարկումների պետք է ենթարկվեն։ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում դրույթներ կան, որոնց հետ համաձայն եմ, դրույթներ կան, որոնց հետ համաձայն չեմ։ Վենետիկի հանձնաժողովի առաջարկը կարելի է դիտարկել որպես գոյություն ունեցող տարբերակներից մեկը։

- Ներկայացված նախագծով առաջարկվում է համակարգային փոփոխություններ, մասնավորապես կառավարման համակարգի փոփոխությունը ինչպե՞ս եք գնահատում և որքանով է մեր երկրին համահունչ նման կառավարման ձևը՝ կիսանախագահականից անցում խորհրդարանական համակարգի: 

-Պետք է նշել, որ ոչ ոք չի կարող հիմնավորել, որ ներկայիս գործող կառավարման ձևը թերի էր և չի արդարացրել իրեն, բայց իմ կարծիքով՝ հանրային հարաբերություններն ու քաղաքական կյանքը գտնվում են անընդհատ դինամիկ զարգացման մեջ և սահմանադրական բարեփոխումների սկսվող գործընթացը և հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները կարող են համահունչ լինել ապագա քաղաքական կյանքի և հանրային հարաբերությունների բնականոն զարգացման պահանջներին: Իհարկե, մենք պետք է այս փուլում լսենք բոլոր հնչեցված կարծիքներին և դրա համար պետք է այդ գործընթացը դառնա յուրաքանչյուր քաղաքացու համար ուշագրավ առարկա, և մենք կարողանանք վերջնական արդյունքում միասնական որոշում կայացնել, որ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի անհրաժեշտություն ունեն: Բոլոր կարծիքներն ունեն հիմնավորումներ, բոլոր տեսակետներն իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց մենք այս գործընթացը պետք է տեսնենք առաջիկա տարիների զարգացման մեջ: Ես լիահույս եմ, որ հասարակական և քաղաքական համակարգն իրապես կօգտվի այս ընձեռված հնարավորությունից, և կոնյունկտուրային, քաղաքական և ներխմբային ու անձնական շահերը չեն դառնա խոչընդոտող հանգամանք, այնուամենայնիվ, քաղաքացիների համոզմունքի հիման վրա է հիմնված, որ փաստաթուղթը կդրվի հանրաքվեի և կորոշվի նախագծի ճակատագիրը: Ես էլ ունեմ մի շարք առաջարկներ և առաջիկայում քննարկումների ժամանակ կներկայացնեմ: 

- Կառավարման ձևի հարցում մտավախություններ են հնչում, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում և նախագահի լիազորությունների թուլացումը կարո՞ղ է վտանգել երկրի կառավարումը: Կիսո՞ւմ եք նման մտահոգությունները:

-Այն, որ մենք ցանկացած պահի դեռևս լիարժեք խաղաղության մեջ չենք ապրում և պատերազմի վտանգը  մեր տարածաշրջանում կա, դա մտահոգությունն է, անկախ կառավարման ձևից: Չնայած նաև կառավարման ձևը դեր ունի, թե նման իրավիճակում կարող ենք լինել համարժեք և ադեկվատ, բայց կարծում եմ, որ ճիշտ և հավասարակշռված իշխանության բաշխման ներկայացման մեխանիզմի պարագայում մենք կարող ենք և՛ նախագահական, և՛ կիսանախագահական և խորհրդարանական ձևերի կառավարման պարագայում համարժեք պատասխանել: Հիմա եթե ասեք, որ Գերմանիան խորհրդարանական կառավարման ձև ունենալով պատրաստ չէ պատերազմի կամ իր պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, իհարկե, այդպես չէ, բայց միևնույն ժամանակ Գերմանիան երկար տարիներ քաղաքական համակարգի կայացման ճանապարհ է անցել, իսկ մենք  դեռ այդ ճանապարհին ենք, ուստի պետք է լավագույնս չափել ու կշռել: Այնուամենայնիվ, հավասարակշռված, ինստիտուցիոնալ առումով ժողովրդավարական պառլամենտարիզմը նաև իր դրական կողմերն ունի, որոշակի մտահոգություններ այդ հարցում, իհարկե, կան, հասկանում եմ, բայց ներկայացված նախագծում շատ հետաքրքիր աշխատանք է տարված, լուծումներ է տրված և, կարծես թե, հաշվի են առնվում բոլոր հնարավոր իրավիճակները:  

-Քննարկման առիթ դարձավ նաև նոր առաջարկությամբ՝ պատգամավորների թիվը, երբ հստակ թիվ չի նշվում և սահմանափակում չկա:

-Պատգամավորների թիվը խնդիր չէ, խնդիրը մեխանիզմն է, որպեսզի երկրում շարունակաբար լինի քաղաքական կայունություն և ցնցումներ, ինչպես շատ երկրներում: Մենք, իհարկե, ընտրական մեխանիզմում, երբ ասացի շատ հետաքրքիր շատ նուրբ աշխատանք է տարված, այն նկատի ունեի, որ այդ փոփոխականությունը արված է հենց նրա համար, որ մենք կարողանանք երկրում շարունակաբար քաղաքական մեծամասնություն ապահովելու ճանապարհով գնալ, այլապես մեզանում ձևավորված ոչ կայուն կոալիցիաների պարագայում, իհարկե, մենք արդեն վտանգած կլինենք որոշ գործընթացները, ինչպես ասացիք՝ պատերազմական իրավիճակում խնդիրներ կառաջանան, եթե չունենանք, կայուն մեծամասնություն և կայուն որոշումներ կայացնելու համար կայուն քաղաքական հարաբերակցություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել