ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում տեղ գրավելու համար. տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում: ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ: Օրինակ՝ 2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը  հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

Դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը կարող եք գտնել հետևյալ հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել