Կենտրոնի դատարան են բերվել Սյունիքի  տխրահռչակ  մարզպետի նկատմամբ մահափորձ կատարած կասկածյալներից 2-ըShamshayan.com–ը գրում է.

Այսօր` հուլիսի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Կապան քաղաքի բնակիչ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը և Գորիսի բնակիչ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառի երկամսյա կալանք: Վերջիններս կասկածվում են Սյունիքի տխրահռչակ մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա հետ 2 անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը` Վիտալի Մինասյանի մասով, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ` որոշելու` բավարարելու է ԱԱԾ-ի միջնորդությունը, թե ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com–ը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

Այս մասին SHAMSHYAN.com–ը տեղեկացել էր Ազգայաին Անվտանգության ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով:

ԱԱՊԾ-ից տեղեկացել էինք նաեւ, որ իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել էին փորձաքննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել