Tert.am-ը գրում է.

Այսօր արդեն 20 տարի շարունակ Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր. 1995 թվականի հուլիսի 5-ին մեր երկրում ընդունվեց մայր օրենքը, ապա 2005-ին հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ կատարվեցին:

Օրվա խորհրդի առթիվ Tert.am-ի հետ զրուցեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան, իրավագետ Արտակ Զեյնալյանի հետ, թե ինչ նոր խոսք են բերելու սահմանադրական փոփոխություններով նախատեսվող (դեռևս պաշտոնապես չի հաստատվում) 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն ու կառավարման խորհրդարանական մոդելը:

Արտակ Զեյնալյանը, ով իր ձևակերպմամբ՝ կառավարման վարչապետական՝ որպես ամենաուժեղ կառավարման մոդելի կողմնակիցն է եղել դեռ վաղ 2000-ականներից՝ որպես քաղաքական, հասարակական գործիչ, իրավագետ ու կառավարման փորձագետ, նկատեց, որ գործող համակարգը վարչապետին ուղղակի քավության նոխազ է դարձնում:

«Կառավարության ձեռքբերումները գրանցվում են նախագահի ակտիվում, ձախողումները գրանցվում են վարչապետի պասիվում»,-բանաձևեց իրավապաշտպանը:

Սակայն ամենակարևորը, ըստ նրա, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնող իշխանությունները լինեն լեգիտիմ և համապատասխան մթնոլորտ ապահովեն երկրում:
Դրանով պայմանավորված, ըստ Զեյնալյանի, ժողովուրդը կտածի կամ չի տածի հետաքրքրություն նոր Սահմանադրության նկատմամբ:

Արտակ Զեյնալյանը , ի վերջո, նշեց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ գործող Սահմանադրությունն ուղղակիորեն  չի կատարվում գործադիր  իշխանության մարմինների կողմից:

«Օրենսդիր մարմինն էլ իր լիազորությունները չի կատարում, չի ապահովում մարդու իրավունքները: Սա է, որ սահմանադրական ճգնաժամի է հանգեցնում»,-ասաց նա։

Հայաստանում մշտական սահմանադրական ճգնաժամի առկայության մասին, ըստ Արտակ Զեյլնալյանի, վկայում է այն, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում. «Գործադիր իշխանությունը Սահմանադրական դատարանի որոշումները չի կատարում, Վճռաբեկ դատարանը չի կատարում, կամ ԱԺ-ն, որ փորձում է վերազանցել ՍԴ որոշումները: Սա այդ մարմինների կողմից ուղղակի սաբոտաժ է Սահմանադրության նկատմամբ»:

Որպես ոչ թե կանոնակարգային, այլ բոլոր հատկանիշներով օժտված դասական սահմանադրական ճգնաժամի օրինակ Արտակ Զեյնալյանը բերեց դատարաններում պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանները, որ «մենք առաջնորդվել ենք օրենքով», այն դեպքում, երբ վերջիններիս մատնացույց է արվում Սահմանադրության որևէ դրույթ:

«Մարդիկ օրենքով են առաջնորդվում, իրենք հրամանակատարներ են, ոչ թե իրավակիրառներ»,-մեկնաբանեց իրավագետը:


Իրավապաշտպանը բերեց հենց ամենաթարմ՝ Բաղրամյան պողոտայի գործընթացների հետ կապված օրինակ։

«Այսօր մարդիկ Բաղրամյան պողոտայում բողոքում են, որ հոսանքի սակագինը բարձրացվում է , պատասխանում են՝ «կվճարենք անվտանգության համար նախատեսված միջոցներից»: Խնդիրը չէ՞ որ այն չէ, թե մեր որ գրպանից կվերցնեն այդ գումարը, իշխանությունները աճպարարություն են անում: Որ պետական միջոցներից չեն վերցվելու այդ գումարները, ասում է վարչապետը, ով Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահն է: Է, սրանից ավելի մեծ կոռուպցիա՞: Այս երկրում ազգային կապիտալից տարբեր կապիտալ կա՞»,-հարցնում է Արտակ Զեյնալյանը:

Ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է անկեղծորեն ասել, որ Սահմանադրությունը Հայաստանի հասարակությանը , մեծ հաշվով, հհետաքրքրել է (չհաշված քաղաքական կուսակցությունները), ասենք՝ շարքային ՀՀ քաղաքացուն այնպես, ինչպես կհետաքրքրեր ամերիկացուն, նա բացասական պատասխան տվեց ու ներկայացրեց պատճառները, թե ինչու ժողովուրդը Սահմանադրությամբ չի ապրում, Սահմանադրությամբ չի պաշտպանվում ու Սահմանադրության վրա չի դնում իր հույսը:

«Սահմանադրության ընդունման ձևը բովանդակային մեծ նշանակություն ունի: Անգամ՝ ավելի կարևոր է, քան դրա բուն բովանդակությունը: Եվ հենց դրանով է պայմանավորված հասարակության, պայմանականորեն ասած, հետաքրքրությունը Սահմանադրության նկատմամբ։ Եթե ժողովուրդը մասնակցել է դրա քվեարկությանը, անկախ այն հանգամանքից՝ անձը կո՞ղմ, թե դեմ է քվեարկել, եթե նա համոզված է, որ որոշումը կայացված է մեծամասնության կողմից, ապա այն ժողովրդի փաստաթուղթն է: 95 թվականին ընդունված մեր Սահմանադրությունը 2005 թվականի խմբագրությամբ, ժողովրդի կողմից չի ընդունվել»,-ներկայացրեց Արտակ Զեյնալյանը։

Սա, ըստ իրավագետի, պայմանավորված է եղել նշված տարեթվերի դրությամբ գործող վարչախմբերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով:

Որպես ամփոփում այս հարցի, Արտակ Զեյնալյանը կրկնեց՝ շատ կարևոր է, որ ժողովուրդն իսկապես մասնակցի Սահմանադրության քվեարկությանը:

Յուրաքանչյուր փաստաթղթի հիմնական փիլիսոփայությունը ճկունությունն է, որպեսզի դրանում ներառված լինեն հնարավորություններ , որոնք թույլ կտան երկրի համար բախտորոշ պահերին , երբ հնարավոր են եղել պատային իրավիճակներ, արագ դուրս գալ քաղաքական ճգնաժամից : Որքանո՞վ է, պայմանականորեն ասած՝ 1995-2005 թթ.. Սահմանադրությունը եղել ճկուն՝ իր հնարավորություններով:

Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ կարելի է նման իրավիճակներ նկարագրել ու բերեց 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը. «Ընդհանրապես, որպես իրավական փաստաթուղթ՝ Սահմանադրությունը վատը չէ: Իհարկե, այն կատարելագործման կարիք ունի և փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ որպես իրավական փաստաթուղթ, սակայն, այստեղ կարևորագույն հանգամանքը Ձեր բարձրացրած առաջին հարցի պատասխանն է: Այն է՝ ժողովրդի կողմից դրանով հետաքրքրված լինելը»:

Հիշեցնենք, որ սահմանադրականությունը Հայաստանում բազմադարյա փորձ ունի: Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու առաջին փորձերից մեկը եղել է 5-րդ դարում՝ Վաչագան թագավորի նախաձեռնությամբ (ըստ հայկական ազատ էլեկտրոնային հանրագիտարանի) ընդունված «Կանոնադրական Սահմանադրությունը» և 18-րդ դարում՝ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը: Խորհրդային 70 տարվա ընթացքում Հայաստանն ունեցավ 3 Սահմանադրություն՝ 1922 թ.-ին, 1937թ.-ին, 1978թ. ընդունված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել