Tert.am-ը գրում է.

Այսօր դերասան Մհեր Մկրտչյանը կդառնար 85 տարեկան: Tert.am-ի խնդրանքով Մհեր Մկրտչյանի քրոջ ամուսինը՝ Օմար Բադալյանը, հուշեր պատմեց Ֆրունզիկի մասին:

«Մի օր Ֆրունզիկի հետ զբոսնում էինք Րաֆֆու դպրոցի մոտով: Դիմացի շենքի պատշգամբներից մեկում երեխաներ էին հավաքված և նայում էին դպրոցի ուղղությամբ: Հարցրեց, թե տեսնես ինչու են հավաքվել էրեխեքը, ես էլ ասացի, դե երևի իրենց «վիպուսկնոյն» է: Էն ժամանակ տանն էին անում նման միջոցառումները: Ֆրունզիկն ասաց՝ արի մի հատ այնպիսի անակնկալ անենք, որ ամբողջ կյանքում հիշեն: Ու բարձրացանք վերև: Զանգը տվեց, երեխաները որ Ֆրունզին տեսան, իրարանցում սկսեց, անակնկալից ու ուրախությունից խառնվեցին իրար: Կատակեց, զրուցեց, հետո դասղեկն եկավ, պակասն էլ նա  չզարմացավ, մոտ մի ժամ էլ մնացինք, բարեմաղթանքներ հղեց ու դուրս եկանք»:

«Մի անգամ էլ պատշգամբում ծխելիս է լինում, իսկ բակում երեխաներ են գնդակով խաղում: Մեկ էլ գնդակով հարվածում են ցանկապատին ու գնդակը տրաքում է: Երեխաները շատ են տխրում: Ու մեկ էլ Ֆրունզիկը պատշգամբից կանչում է, մի շքեղ գնդակ վերևից գցում է, ասում՝ խաղացեք: Երեխաներն սկսում են խաղալ, մեկ էլ դարպասապահը, որ բռնում է գնդակը, ասում է՝ երեխեք, եկեք, գնդակի վրա բաներ կան գրած: Տեսնում են ստորագրություններ են գնդակի վրա: Մաքրում, տանում են, ասում են Ֆրունզիկ ձյաձյա, գնդակի վրա ստորագրություններ կա, կարող է թանկ է Ձեր համար: Ասում է չէ, չէ, խաղացեք, դա «Արարատինը» չէ, «Արարատինը» պահել եմ: Ու էլի գնդակը տալիս է երեխաներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել