Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականությանը ասաց, որ նույն ագրեսիվ քաղաքականությունն է, կամ ավելի ճիշտ՝ գնալով ավելի է վատանում:

«Ադրբեջանն սկսել է ավելի հանդուգն, ագրեսիվ, լկտի քաղաքականություն ցուցաբերել, որը մի շարք հանգամանքներով է պայմանավորված»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Ադրբեջանը նախևառաջ գիտի, որ այդպիսի լկտի պահվածքի վրա ինչ-որ ձևով աչք են փակում նաև միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչ-որ ձևով չուզենալով իրավիճակն էլ ավելի բարդացնել:

Բացի դրանից, ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը բավականին ցածր է, որևէ մեկը թույլ չի տալու, որ զարգացումներն այդ սցենարով գնան՝ ելնելով և՛ մարդասիրական, և՛ ռազմաքաղաքական, և՛ պետական հաշվարկներից: Հետևաբար, նրան մնում է միայն այսպիսի ագրեսիվ պահվածք ցուցաբերել և դրանով ինքն իրեն բավարարել:

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ինչ-որ ձևով վնաս պատճառի, վատություն անի հատկապես Հայաստանին, Արցախին և ընդհանրապես, որևէ հայի»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Առաջին եվրոպական խաղերին ընթացքում Ադրբեջանի դրսևորած վարքագծին, որը ոչ միայն հայերի նկատմամբ էր, այլ նաև այլ երկրների մասնակիցների, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Գուցե տարօրինակ հնչի ասածս, բայց ինչ-որ տեղ լավ են անում, որովհետև ինչո՞ւ պետք է Առաջին եվրոպական խաղերն անցկացվեն Ադրբեջանում, այդ ի՞նչ խայտառակ որոշում է, ո՞վ և ինչո՞ւ է ընդունել այդ որոշումը: Դե իհարկե՛, եթե ընդունել են այդպիսի որոշում, նա էլ պետք է իրեն այդպես պահի, շատ էլ լավ են անում»:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ Եվրոպան ինքը պետք է հասկանա, որ ինչ-որ շահադիտական, որոշ չինովնիկներ նույնիսկ նեղ անձնական հաշվարկներից ելնելով, կաշառք վերցնելով որոշում են, որ Առաջին եվրոպական խաղերն անցկացնում են մի պետությունում, որն աշխարհագրորեն Եվրոպա չէ:

«Բացի դրանից, ունի պետականաշինության, աշխարհայացքի լրիվ տարբեր մոտեցումներ, ասիական, դեսպոտ, ֆեոդալական, ճորտատիրական պետություն է: Ի՞նչ է, Եվրոպան Ադրբեջանից է սկսում: Դե եթե այդպես է, ուրեմն Ադրբեջանը լավ է անում: Սա թող բոլորի համար օրինակ լինի: Ադրբեջանում նույն քաղաքականությունն է իրականացվում, ինչ Սիրիայում և Իրաքում իրականացնում են «Իսլամանական պետության» գրոհայինները: Նույն գրոհայիններն էլ Ադրբեջանի իշխանություններն են. Ռամիլ Սաֆարովին հերոսացնում են, որը կացնահարեց քնած հային»,- ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով նրան, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի որևէ երկիր այցելելը կամ որևէ գործողություն իրականացնելը «ցայտնոտի» մեջ է գցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Դավիթ Բաբայանն ասաց. «Գուցե կատակով պատասխանեմ. կա մի լավ երգ՝ վերքիս վրա աղ մի լցրու: Դա պետք է դառնա Ադրբեջանի օրհներգը, մենք ինչ անում ենք, նրանց համար աղ է լցվում իրենց ցավի վրա: Ճիշտ է, նրանք շատ բան են կարողանում փողով գնել, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել