Asekose.am-ը գրում է.

«Ես երկու օր առաջ՝ լուսաբացին հեռացա պայքարից, որովհետև հասկացա, որ այդ ամենն արդեն կապ չունի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ»,-Asekose.am-ի հետ զրույցում դերասանուհի Անի Պետրոսյանը համարեց, որ իշխանությունը ընդառաջ է գնացել ժողովրդի պահանջին, և հիմա պետք է սպասել:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀԷՑ-ում միջազգային աուդիտ կանցկացվի, իսկ այդ ընթացքում կառավարությունը իր վրա կվերցնի սպառած էլեկտրաէներգիայի լրացուցիչ վճարի մարումը:

«Մեզ արդեն ընդառաջ գնացել են: Մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք գնանք մեզ ծեծե՞ն: Գոռում են, թե հեղափոխություն են անում, ասում են՝ ցույցը լավ է սկսվել է, էլ չենք թողնի, որ մարդիկ գնան տուն: Մենք բոլորին փորձում էինք բացատրել, որ միասին սպասենք, և եթե մեր ուզածը  չեղավ՝ 2-3 ամիս հետո դուրս կգանք` կրկին նույն պահանջի համար: Բայց ինձ գցել էին մեջտեղ, իմ երկու «գաբարիտի», 3-4 հաստավիզ ապուշներ լուսաբացին վրա էին տվել: Ասում են` եկել եք, պետք է մինչև վերջ մնաք: Ստիպում էին մասնակցել իրենց հեղափոխական ցույցին»,-ասաց Անի Պետրոսյանը:

Դիտարկամանը` արդյոք  այս պարագայում  հարցը լուծված կարող ենք համարել, դերասանուհին ասաց, որ ինքն այդ հարցում երկակի մոտեցում ունի:  Ըստ նրա, Կառավարությունը չի կարող միանգամից որոշումը կասեցնել, և սա քաղաքական քայլ է: Նրա խոսքով, հնարավոր է իշխանություններն հիմա կասեցնեն թանկացման որոշումը, իսկ հետո չեղարկեն: Իսկ եթե որոշումը չեղյալ չհամարեն,  այդ դեպքում, դերասանուհու խոսքով,  կմտածեն հետագա գործողությունների մասին:

Անի Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե իր համար իսկապե՞ս որոշումը փոխվել է հօգուտ ժողովրդի, եթե հաշվի առնենք, որ մի դեպքում ժողովուրդն էր անձնամբ վճարելու, իսկ այս դեպքում նույն ժողովրդի հարկերի շնորհիվ ձևավորված պետական բյուջեից է Կառավարությունը վճարելու.

«Ասում են՝ մի գրպանից դուրս է գալիս, գնում մյուս գրպանը: Դե կներեք: Երբ ամեն ինչը թանկանում էր, թող այդ օրվանից դուրս գային ու պայքարեին: Ոչ թե ջահել ու անմեղ երեխեքին տանեն ցույցի  ու ասեն, որ դա էլեկտրանէերգիայի դեմ չէ, այլ` հեղափոխության»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել