Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ  Սասուն Միքայելյանը այսօր կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց, որ ազատ ու արդար ժողովրդավար երկիր ունենալու համար նոր շունչ ու որակ է պետք:

Նա նշեց, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լիարժեք քաղաքական դաշտ չկայանա։ «Ինչը նրանց մոտ ավելի լավ է ստացվում, քան սոցիալ-տնտեսական վիճակի խնդիրների լուծումը»,– ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի խոսքով՝ իշխանությունները հեշտ են լուծում ամեն գնով իշխանությունը պահելու խնդիրը: «Որովհետև վստահ են, որ ժողովուրդը ոտքի չի կանգնի իրենց հարցը լուծի, իսկ մի քանի ըմբոստների հարցը հեշտ է լուծել՝ նրանց բանտարկելով»,-ասաց նա:

Ընդդիմությունն էլ ըստ նրա՝ իր գործելաոճով նպաստել է երկրում նման վիճակ հաստատելու համար: Նա նկատեց, թե ժողովրդին հանել են հրապարակներ ու հետո իբր տեխնիկական և այլ խնդիրներից ելնելով՝ նրանց ձեռնունայն տուն են ուղակել, որն իրականում պայմանավորված է զուտ առաջնորդի հետ խնդիրներից ելնելով:

Սասուն Միքայելյանը նշեց, թե խոստացված թեժ գարուններն ու թեժ աշուններն ավարտում են ոչ միայն իրենց պնդմամբ  հուժկու հանրաքվեներով, այլ ոչ մի քաղաքագիտական տրամաբանությամբ: «Շեֆի դարակազմիկ որոշումներն են միայն փառաբանում»,-ասաց նա:

Քաղաքական դաշտում ըստ նրա՝ չկա սկզբունքայնություն, երբ լիբերալը պահի տակ դառնում է սոցիալիստ և այլն: «Ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը կարծում են իշխանություններին միայն փնովելն ու քննադատելը իրենց գործն է, առանց կոնկրետ քայլի՝ մոռանալով, որ ժողովուրդն ավելի է  հիասթափվում»,-ասաց նա:

«Իհարկե բոլորիս համար պարզ է, որ ՀՀ-ի համար, այս փոքր երկրի համար չափազանց  մեծ է գրանցված կուսակցությունների թիվը, բայց հիմնադրվելով նոր կուսակցութուն՝ոչ թե  ազդարարում ենք, որ մենք էլ կանք, այլ ասում եք, որ ուժ ենք, որը կարող է փոխել այս մթնոլորտը»,-նշեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել