«Ժողովուրդ» թերթը, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերին, գրում է, թե հայտնի իրողություն է, որ կալանավայրերում դատապարտյալների միջև գոյություն ունի հստակ հիերարխիա, և ամենավերևում կանգնածը տվյալ քրեակատարողական հիմնարկի այսպես ասած «նայողն» է:

Ըստ թերթի՝ այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, և «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Օրաթերթը պնդում է, որ հենց այս  հիերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սև փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե կա «նայողի» ինստիտուտը, ապա ՔԿՀ-ում չի կարող չլինել նաև կոռուպցիա:

««Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ-ներում ներքին հիերարխիան և «սև փողերի» շրջանառությունը բացառելու համար: «Մենք որևէ ինստիտուտ զսպելու խնդիր  չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալներն օրենքի առաջ հավասար են»,- պատասխանել է Օսիկյանը: Իսկ «սև փողերի» երևույթն էլ, ըստ նրա, վաղուց իսպառ վերացվել է: Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց արդյո՞ք իրականությունն այդպիսին է»,– հարցադրում է անում թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել