Lurer.com–ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը բացահայտել է սեփական վարկանիշը բարձրացնելու և միջազգային հարթակներում Բաքվի օգտին լոբբինգ անցկացնելու համար Ադրբեջանի կողմից կաշառված ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Որտե՞ղ է անցնում սահմանը իրավիճակին ծանոթանալու համար ԱՄՆ Կոնգրեսի անդամների գործուղման և զվարճալից ճանապարհորդությունների միջև» վերնագրով խմբագրական հոդվածում թերթը կարծիք է հայտնում, որ այդ հարցը պետք է իրենց տան 10 կոնգրեսականներ և նրանց աշխատակազմերի 32 աշխատակիցներ, որոնք անցած տարիներին այցելել են Ադրբեջան:

«Էթիկայի գծով տեսուչները հայտնաբերել են, որ երկու տարի առաջ կազմակերպիչների կողմից ամբողջությամբ փոխհատուցված Բաքու նրանց այցը գաղտնի կերպով ֆինանսավորվել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից: Հնարավոր է` դրանով խախտվել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի էթիկայի կանոնները և դաշնային օրենքները, որոնք արգելում են արտասահմանյան կառավարությունների միջամտությունը ԱՄՆ-ի քաղաքականությանը», -ասվում է հոդվածում:

Կոնգրեսի էթիկայի գծով վարչության զեկույցի համաձայն, որը վերջերս հայտնվել էր The Washington Post թերթի տնօրինության տակ (տես. 10 կոնգրեսականներ ճանապարհորդել են, ինչը գաղտնի կերպով ֆինանսավորել է արտասահմանյան պետության կառավարությունը), կոնգրեսականների համար նվերները, հյուրանոցներում նրանց բնակվելը և ավիատոմսերը վճարել է Ադրբեջանի հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR):

The New York Times-ը էթիկայի հանձնաժողովին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր ստուգել ճանապարհորդությունների ծրագրերը և պարզել, թե ովքեր են դրանց իրական հովանավորները: Թերթը «խիստ կարևոր» է անվանել որպես անկախ մարմին Կոնգրեսի էթիկայի գծով վարչության դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել