Lurer.com-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Հյոն Յոն Չհոլը, ում գնդակահարության մասին հաղորդվել էր մայիսի կեսին, հնարավոր է՝ մահապատժի է ենթարկվել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քաղաքականության մասին խոսելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հարավկորեական «Թոնա իլբո» թերթին:

Աղբյուրի տեղեկություններով՝ նախարարը Ռուսաստան կատարած այցի ժամանակ փորձել է սպառազինության մատակարարումների հարցով համաձայնություն ստանալ Մոսկվայից, սակայն մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, որ «Հյուսիսային Կորեան արդեն շատ առաջատար սպառազինություն ունի և օգնության կարիք չունի»:

Անհաջողությունից վրդովված նախարարն անձնական զրույցի ժամանակ ասել է, որ «երիտասարդ մարդը չի կարող հմուտ քաղաքական գործիչ լինել»: Բացի այդ, նա քննադատել է Կիմ Չեն Ընի ուղղությունը, ով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ների միջոցով համառորեն ուշադրություն է գրավում իր միջուկային ծրագրի հանդեպ:

«Այդ պատճառով էլ մեզ չտվեցին այն, ինչ մենք կարող էինք ստանալ»,- իբրև թե ասել է նախարարը:

Նրա խոսքերը փոխանցել են ղեկավարությանը, ինչն էլ մահապատժի պատճառ է դարձել, որը Հարավային Կորեայի հետախուզական կառույցների տվյալներով՝ տեղի է ունեցել ապրիլի 30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել