Tert.am-ը գրում է.

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչպիսին է կանանց բռնության վիճակը: 

Նա նշեց, թե իրեն նույն հարցը տվել է Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարը, թե ՀՀ-ում ՄԻՊ-ը ընտանեկան բռնության կանչեր ստանում է, քանի տոկոս է կազմում և ինչպիսին են արդյունքները, որի պատասխանը չի կարողացել տալ, քանի որ ենթադրում է, որ թիվը մեծ է, սակայն գրանցված տոկոսները՝ քիչ: «Կանանց հանդեպ բռնությունները գիտեմ, որ մեզանում շատ մեծ են, բայց ընտանիքը հրաժարվում է  հրապարակել»,- ասաց նա:

Կարեն Անդրեասյանը համաձայնեց, որ այո՛, բռնության զոհերի թիվը քիչ չէ, սակայն դա միայն մեր հասարակության մեջ չէ տարածված, այլ նաև եվրոպական տարբեր երկրներում: 

ՄԻ պաշտպանը նշեց, թե ունեցել են մեկ տասնյակ ահազանգ, ինչը հասկանալի է, որ իրական թիվը չէ: ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են բռնության բոլոր զոհերի հետ:«Բռնության ենթարկված կանանց և երեխաներին չէինք կարողանում պետական միջոցներով տեղավորել և մի քանի մեր ընկեր հասարակական կառույցների միջոցով ենք տեղավորել, որպեսզի բռնությունը չշարունակվի»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, թե 13թ-ին այս թեմայով տեսահոլովակ են նկարահանել, որոնք  Գյումրիի ու Վանաձորի հեռուստաընկերություններն անվճար ցուցադրել են:«Ներկայացրինք, որ եթե ուզում են, որ բռնությունը չլինի թաքնված, ապա զանգահարեն 116 թեժ գիծ, նույնիսկ եթե չեն վստահում ոստիկաններին կամ քաղաքացիական հաստատություններին՝ դիմեն թեժ գիծ և իրենց անվտանագությունը կերաշխավորվի»,- ասաց նա: 

Կարեն Անդրեասյանը հավելեց, թե, ցավոք, կան մարդիկ, որոնք  ազգային արժեքներին դեմ մոտեցում են համարում դա: «Չգիտեմ, ե՞րբ են տեսել , որ կնոջը և երեխային ծեծելը ազգային արժեք է, և երբ փորձում ենք կանխել, առանձին հետադիմական հայացքներ ունեցողներ դրանում տեսնում են ընտանիք քանդելու կամ արժեքները վնասելու փորձ. ամենևին ոչ»,- ասաց նա և հավելեց, թե մինչև այս կարծրատիպերը չփոխվեն ահազանգողների թիվը իրականից շատ հեռու կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել