«Նյու Յորք թայմս» թերթում ռաբբի Շմուլին և Հարյուրամյակի հանձնաժողովը Օբամային ներկայացրեցին որպես «ստախոս»Panorama.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով:

Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար: 

Մի լավատեղյակ աղբյուր «Կալիֆորնիա կուրիեր» թերթին հայտնեց, որ թերթի հայտարարությունը նեղացրել է Սպիտակ տան որոշ պաշտոնյաների: Դրա տեղադրումը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համաամերիկյան հանձնաժողովի ջանքերի հետ՝ համոզելու վարչակազմի դժկամ պաշտոնյաներին մասնակցելու մայիսի 7-9-ը Վաշինգտոնում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Այդուհանդերձ, փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն, երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը:

Վճարովի հոդվածում պատկերված էր մի երեխա պաստառը ձեռքին, որի վրա գրված էր. «Նախագահ Օբամա, ինչո՞ւ եք մեզ ստում»: Դրան հաջորդում էր մեծ, հաստ տառերով գրված վերնագիրը. «1.5 միլիոն հայ զոհերը ճչում են իրենց գերեզմանից. Մինչև ե՞րբ եք ժխտելու մեր ցեղասպանությունը, միայն գոհացնելու համար թուրք բռնակալին»:

Վճարովի հոդվածը խիստ քննադատության ենթարկեց ինչպես Օբամային՝ իր նախընտրական խոստումները դրժելու, այնպես էլ դեսպան Փաուերին՝ Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ անտարբերությունն իր գրքում («Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը») դատապարտելուց հետո լուռ մնալու համար: Հայտարարությունը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան անվանելով «խուլիգան» և «բռնակալ, որը քանդել է թուրքական ժողովրդավարությունը»:

Բացի այդ, հոդվածում մեջբերում կար «ՍիԷնԷն»-ի Վաշինգտոնի գլխավոր թղթակից Ջեյք Թեփերի լուրերի թողարկումից. «Վեցերորդ տարին անընդմեջ նախագահ Օբաման դրժել է հայ համայնքին տված իր խոստումը, երբ որպես սենատոր և նախագահի թեկնածու, նրանց քվեներն ստանալու համար խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը նկարագրելու համար: Նա այդպես վարվեց որպես զիջում Թուրքիայի կառավարությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել