Lurer.com-ը գրում է.

Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը կհանդիսանա բավարար քանակությամբ սպանդանոցների առկայությունը, որտեղ սանիտարական պայմաններում մորթի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել առողջ կենդանիների վարակը: Այս մասին մայիսի 25-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագորղներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետաթան ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ բրուցելոզն այն հիվանդությունն է, որի դեպքերը գրանցվում են ամեն տարի: Քանի որ այդ հիվանդությամբ վարակվում են նաև մարդիկ, այդ նկատառումներով պետությունը ամեն տարի իրականացնում է ախտորոշիչ միջոցառումներ մանր և խոշոր եղջրավոր կենդանիների շրջանում:

«Բրուցելոզի դեմ պայքարում շատ կարևոր են կանխարգելիչ աշխատանքները՝ հիվանդ կենդանուն սանիտարական սպանդի ենթարկելու միջոցով: Եթե մորթը կենտրոնացված չէ, այսինքն՝ հիվանդ կենդանին կարող է նաև բակային մորթի ենթարկվել, դա լի է հողից պարագաների աղտոտման վտանգներով: Սրա պատճառով էլ հետագայում կարող են վարակվել առողջ կենդանիները: Մենք հույս ուննեք մոտակա ժամանակ հասնել այնքան սպանդանոցների քանակին, որոնք թույլ կտան կենդանիների մորթի իրականացումը միմիայն սպանդանոցներում՝ բացառելով մի շարք հիվանդությւոնների, այդ թվում՝ նաև բրուցելո զի, տարածումը», - ասաց Հովհաննես Մկրտչյանը:

Անցած տարի Հայաստանում հաշագործման է հանձնվել 5 սպանդանոց, և արդյունքում՝ ներկա պահին հանրապետության տարբեր մարզերում ընդհանուր առմամբ գործում է 13 սպանդանոց: Սակայն անասնաբուժության տեսչության պետի կարծիքով՝ այդ քանակը բավարար չէ:

Հովհաննես Մկրտչյանը հավաստեց նաև, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր սպանդանոցների ստեղծման վերաբերյալ: Հայաստանում անհրաժեշտություն կա մոտ 25 սպանդանոցի գործարկման, որից հետո հնարավոր կլինի փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում և իրացման ցանցում միսը կվաճառվի միայն սպանդային ծագման:

2014թ. ընթացքում Հայաստանի տարածքում պլանային հետազոտությունների ժամանակ հետազոտվել են ընդհանուր առմամբ 702 հազար 740 գլուխ խոշոր եղջրավոր կենդանիներ, որոնցից հիվանդություն է ախտորոշվել 929-ի մոտ, իսկ հետազոտված 406 հազար 449 մանր եղջրավոր կենդանիների շրջանում՝ 606 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել