Lragir.am-ը գրում է.
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթեց Շվեդիան «Հերոսներ» կատարումով: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան «Միլիոն ձայներ» երգով: Երրորդն էլ Իտալիան էր: 3 կատարումներն էլ լավն էին, դատելով արձագանքներից՝ Եվրատեսիլին հետևողները հավանել էին այս կատարումները:
Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլի քվեարկությունը հաճախ կամ էլ միշտ քաղաքականացված է: Արդյունքների վրա ազդում են տվյալ պահի աշխարհքաղաքական զարգացումները: Երկրների քվեարկությունները (բարձր միավորների շնորհումը) հաճախ տրվում է հարևան-բարեկամ երկրի կամ էլ քաղաքական հանգամանքներից ելնելով: Օրինակ, Հայաստանը միշտ բարձր միավոր է տալիս Ռուսաստանին ու Վրաստանին և նույնը ստանում նրանցից: Սկանդինավներն ու բալթյան երկրները միմյանց են միավորներ տալիս, բալկանները՝ միմյանց, Հոլանդիան ու Բելգիան՝ միմյանց:
Այս անգամ հաղթողի համար պայքարն ընթանում էր Ռուսաստանի ու Շվեդիայի միջև, ինչը խորհրդանշական պատկեր բացահայտեց: Վերջին մեկ տարվա աշխարհքաղաքական գլխավոր զարգացումներից մեկը Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն է՝ կապված Արևելյան գործընկերության ծրագրի հետ: Մի կողմից ԱլԳ նախաձեռնող Շվեդիան է, մյուս կողմից՝ ծրագրին խոչընդոտողը ու այն իր համար սպառնալիք համարող Ռուսաստանը:
Մինչև քվեարկության կեսերը Շվեդիան (քաղաքական համատեքստում հասկանալ Եվրոպան) և Ռուսաստանը հավասար են ընթանում, այնուհետև Ռուսաստանն առաջ է պոկվում միավորներով (Հայաստանի հրաժարվելը ԵՄ ասոցիացիայից, ԵՄ ասոցիացիայից հրաժարվելու համար Ուկրաինայում սկսված իրադարձություններ, Ղրիմի բռնակցում, Բալթյան երկրների ու Վրաստանի լուրջ անհանգստություն անվտանգության համար), սակայն վերջում Շվեդիան առաջ է անցնում և զգալի առավելությամբ հաղթում (ուղերձ՝ Արևմուտքն առաջ է տանելու ընդլայնման ծրագրերը և չի զիջելու Ռուսաստանին):
 
Օրինակ, Բելառուսն 8 միավոր տվեց Բրյուսելին, 10-ը՝ Շվեդիային, 12-ը՝ Մոսկվային: Իսկը Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականության պես՝ Բելառուսը Ռուսաստանի հետ է, սակայն ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և դրա միջոցով թուլացնել կախվածությունը Ռուսաստանից:
 
Ռուսաստանի և Եվրոպայի «միջև գտնվող» երկրները՝ Բալթյան երկրներ, Ֆինլանդիա, Բելառուս, բարձր միավորներ էին տալիս թե Ռուսաստանի, թե Շվեդիայի օգտին (ուղերձը՝ Ռուսաստանին թշնամի չենք ընդունում, բայց Եվրոպայի հետ ենք, պետք է վերջ դնել դիմակայությանը):
 
Հայաստանը սովորականի պես իր 12 միավորը տվեց Ռուսաստանին:

Բոլորը համընկնումերը, հնարավոր է, հեղինակի վառ երևակայության արդյունքն են: Շվեդիայի և Ռուսաստանի կատարումներն էլ լավագույններից էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել