Tert.am-ը գրում է.

2015 թվականի սեպտեմբերին Կասպից ծովում առաջին անգամ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավերը համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով զորավարժություններին, և արձագանքելով մտահոգությանը, թե այն ինչ-որ կերպ չի՞ հակասում ռուս-հայկական ռազմական հարաբերություններին, ասաց, թե Ռուսաստանը կարող է անել, ինչը համարում է ճիշտ, քանի որ Կասպից ծովում շահեր ունի՝ խնդիրներ ունի Կասպից ծովի բաժանման հարցում, հետևաբար՝ այդ զորավարժություններն ուղղված չեն Հայաստանի դեմ: 

«Մենք, նախևառաջ, պետք է այն տեսանկյունից նայենք, թե այդ զորավարժություններն ուղղվա՞ծ են մեր դեմ, թե՞ ոչ, և երկրորդ, դա խանգարո՞ւմ է իրականացնել այն պարտավորությունները, որն իր վրա վերցրել է Ռուսաստանը՝ ապահովել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը»,– ասաց նա: 

«Միայն այն փաստը, որ Ռուսաստանն իր վրա վերցրեց հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման խնդիրը, խոսում է ամեն ինչի մասին: Չէ՞ որ մենք էլ համագործակցում ենք այնպիսի պետությունների հետ, որոնց հետ Ռուսաստանը խնդիրներ ունի»,- ավելացրեց պաշտպանության նախկին նախարարը: 

Դիտարկմանը, թե այս պարագայում խոսքը ռազմական համագործակցության մասին է, Վաղարշակ Հարությունյանն ասաց, թե որևէ կապ չունի, թե որ ոլորտին է դա վերաբերում, եթե դա ուղղված չէ Հայաստանի դեմ։ Եվ եթե Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ իրականացներ Հայաստանի սահմանին, դա արդեն մտահոգություն կառաջացներ:

«Բայց եթե Կասպից ծովում իր շահերն ապահովելու համար ՌԴ-ն համագործակցում է Ադրբեջանի հետ, դա մեզ որևէ կերպ և ոչնչով չի խանգարում: Իհարկե՛, մարդկային առումով ոչ ոքի էլ դուր չի գա, որ այդ համագործակցությունը կա, բայց դա ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության հետ»,– մեկնաբանեց նա:

Վաղարշակ Հարությունյանը նաև ասաց, թե իրեն էլ, որպես մարդ, դուր չի գալիս, որ այդպիսի բան կա, բայց դա քաղաքականություն է և բխում է Ռուսաստանի շահերից:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական համագործակցության սերտացմանը, ապա ասյա մասին նախկին նախարարն ասաց, որ այդ համագործակցությունը եղել է ի սկզբանե, և պետք չէ ներկայացնել, թե այն նոր է սկսվել:

«Պետք է գիտակցել, որ Ադրբեջանն ԱՊՀ անդամ է: Ադրբեջանը ժամանակին եղել է նաև ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանում կային ռուսական ռազմաբազաներ, այնպես որ, այդ համագործակցությունը չի խորանում, գնում է իր հունով: Պետք է հստակ հասկանալ, որ դա համարժեք համագործակցություն չէ՝ Ռուսաստան-Ադրբեջան և Ռուսաստան-Հայաստան: Պետք է նաև հստակ գիտակցել, որ դա ուղղված չէ Հայաստանի դեմ»,– ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել