Lragir.am-ը գրում է.
Մենք` հայերս, սիրում ենք կրկնել, թե խելացի և բնությունից օժտված ժողովուրդ ենք: Աշխարհին տվել ենք բազում տաղանդավոր դեմքեր: Ամենաշատը սիրում ենք համեմատվել հրեաների հետ (ովքեր իրենց ընդհանուր թվի համամասնությամբ, կարծեմ` աշխարհի ամենաշատ Նոբելյան մրցանակակիրներ տված ժողովուրդն են): Մի խոսքով` մենք հպարտանում ենք հայի գենով: Ոմանց մոտ «հայ գենի» մասին առասպելապատումները հասնում են պաթոլոգիայի մակարդակի: Բայց որքանո՞վ է սա ճիշտ: Արդյոք մեր մոտեցումները գիտական են, թե ազգային սնափառության դեմագոգիկ դրսևորումներ են սոսկ: Գենետիկայի բնագավառում կատարված վերջին հետազոտությունները լույս են սփռում այս հարցի վրա:

Լոնդոնի Թագավորական Քոլեջի գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, երկար տարիներ ուսումնասիրելով միաբջիջ երկվորյակներին, փորձեց հասկանալ, թե որքանով են գեները որոշիչ մարդկային կյանքի ձևավորման համար: Որքանով են գեները ժառանգական, և մասնավորապես` որքանով է մարդկային IQ-ն փոխանցվում ժառանգականորեն: Ըստ Սպեկտորի, IQ-ն ունի միջինում  70 % ժառանգականության հնարավորություն: Եթե գնաք Հարվարդ, ապա այնտեղ դա հասնում է շուրջ 90 %-ի: Ինչու՞: Որովհետև մարդիկ, ովքեր ընտրվել են այնտեղ սովորելու, մեծամասամբ դուրս են եկել միջին խավի ընտանիքներից, որտեղ ծնողները նրանց համար ապահովել են գերազանց կրթական հեռանկարներ: Դաստիարակությունը նպաստել է գեների բարենպաստ ժառանգմանը:

Իսկ եթե դուք գնաք Դեթրոյթի արվաձաններ, որտեղ տիրում են սոցիալական ծանր պայմաններ և կրթության ցածր մակարդակ, IQ-ի ժառանգականությունը ձգտում է դեպի 0 %-ի: Միջավայրը ֆունդամենտալ ազդեցություն ունի մարդկանի գեների փոխանցման և դրսևորման համար: Սպեկտորի կարծիքով` միջավայրի յուրաքանչյուր փոփոխություն IQ-ի վրա ունենում է շատ ավելի մեծ ազդեցություն, քան ինքնին մարդկային գենը:  

Այժմ, եթե զննենք վերջին 100 տարիների հայազգի հաջողակ անձանց ցանկը, ակնհայտ է դառնում, որ նրանց բացարձակ մեծամասնությունը ապրել և հաջողությունների է հասել երկու հիմնական բարենպաստ միջավայրերում` սփյուռք և Խորհրդային Հայաստան: Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգները կարողացան մեծ հաջողությունների հասնել արևմտյան բարեկեցիկ երկրներում, որտեղ առկա էին լավագույն պայմանները մարդկային տաղանդի և հմտությունների զարգացման համար: Շառլ Ազնավուր, Քըրք Քըրքորյան, Վիլյամ Սարոյան և այլք:

Խորհրդային Հայաստանում առկա էին բավական բարենպաստ պայմաններ` գիտության և արվեստի մի շարք ճյուղերի զարգացման համար, որն էլ հնարավորություն տվեց հայկական մշակույթի և գիտության աննաղադեպ ծաղկմանը: Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Պետրոսյան: Նմանատիպ անուններն են, որ ներկայում շատերին իրավունք են վերապահում պնդել, որ հայերը խելացի և օժտված ժողովուրդ են:

Պայմաններն են որոշում տաղանդի դրսևորման հնարավորությունները: Էական չէ, որ ձեր պապը հաջողակ գիտնական կամ երաժիշտ է եղել: Դուք կարող եք լինել կատարյալ անհաջողակ, եթե ապրեք այնպիսի պայմաններում, որտեղ ձեր գեները դրսևորվելու և զարգանալու բարենպաստ հնարավորություններ չունեն: Եվ հակառակը` ձեր նախնիների մեջ կարող են եղած չլինել հաջողակ գիտնականներ, բայց դուք, ապրելով և գործելով բարենպաստ պայմաններում, կարող եք դառնալ Նոբելյան մրցանակակիր:

Անկախացումից հետո Հայաստանում ստեղծվել է չափազանց անբարենպաստ միջավայր` մարդկային տաղանդի զարգացման համար: Ինչպե՞ս կարող ենք ունենալ հաջողակ գիտնականներ, եթե գիտությունը Հայաստանում ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկն է: Ինչպե՞ս կարող ենք ունենալ հաջողակ բիզնեսմեններ, եթե Հայաստանում վատագույն պայմաններն են ստեղծված փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:

Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում չկան տաղանդավոր և հաջողակ մարդիկ: Իհարկե կան: Բայց նրանց քանակն այնքան քիչ է և զարգացման հեռանկարներն այնքան նեղ, որ առայժմ չեն կարողանում դառնալ գործոն` պետության երկարաժամկետ զարգացման համար:

Եթե նույնիսկ մեր պապերի մեջ եղել են տաղանդավոր ու հաջողակ մարդիկ, պրակտիկորեն դա ոչինչ չի նշանակում այսօր: «Հայի գենի» իրական արժեքը չափվում է ներկայում նրա օգտակար գործողության գործակցով: Այդ գործակիցը շատ ցածր է այսօր: Փոխարենը մեզանում բարձր է հայրենասիրական պոպուլիզմի գործակիցը: Դրա համար շատերը, հայի գենը չամիչ սարքած, տասնամյակներ շարունակ ծամծմում են այն` ցեխի մեջ լող տալով: Միայն թե, որքան էլ որակյալ լինի այդ գենը, ոչ մի օգուտ չի տա, քանի դեռ ցեխի մեջ է: Հետևաբար, ոչ թե պետք է ազգային սնափառությամբ տարված` գովաբանենք մեր գենը, այլ ստեղծենք այնպիսի պայմաններ, որ ներկայում այն զարգանա և տա շատ իրական, շոշափելի պտուղներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել