Lragir.am-ը գրում է.
ՌԴ նախագահը Երեւանում մասնակցեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նա իր ելույթում ցեղասպանություն բառը չասաց, ավելին, Թուրքիային փաստացի երաշխիքներ տվեց, որ կչեզոքացնի Հայաստանի ու հայության պահանջները: 
Նրա այցը Երեւան սակայն հատկանշական էր մի շարք այլ առումներով: Երկար ժամանակ նա տատանվում էր, թե ուր մեկնի՝ Երեւա՞ն, թե Գալիպոլիի խեղկատակությանը, որ անհաջող բեմադրել էին թուրքերը հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը մթագնելու համար: Կշեռքի նժարին երկու ծանր քար էր դրված, որոնցից յուրաքանչյուրը ճակատագրական նշանակություն ուներ Ռուսաստանի ու անձամբ Պուտինի համար:

Պուտինն ի վերջո ընտրեց «միջանկյալ» տարբերակ՝ ժամանել Երեւան եւ Թուրքիային Երեւանից երաշխիքներ տալ: Դա հաստատեց նաեւ Պուտինի խոսնակն այցի վերաբերյալ իր մեկնաբանությունում: Դրա իմաստն այն էր, որ Պուտինի այցը Երեւան բխում է ռուս-թուրքական ներկայիս հարաբերության ու երկու երկրների շահերից:

Պուտինը չէր կարող Երեւան չգալ, եւ դա նրա համար «պարզ դարձավ» վերջին պահին: Թուրքիան եւ Ռուսաստանը ներկայում հասցված են մարգինալության աստիճանի, եւ նրանց ղեկավարություններն էլ համապատասխանաբար մարգինալացել են միջազգային ասպարեզում: Թուրքիա գնալով, Պուտինը «կհաստատեր» իր մարգինալ վիճակը, մասնակցելով թուրքական իշխանության կազմակերպած խեղկատակությանը:

Երեւան գալով, Պուտինը համարժեք կլիներ միջազգային քաղաքականությանն ու քաղաքակրթությանը: Բանն այն է, որ ապրիլի 24-ը յուրատեսակ սահմանագիծ էր. Նախօրեին քաղաքակրթական բեւեռը հանդես էր եկել հայկական խնդիրների բարձրաձայնմամբ: Վատիկանը, Եվրոպական միությունը, տարբեր պետություններ ու կազմակերպություններ հայկական խնդիրները հռչակել էին համամարդկային խնդիրներ: Իսկ հակառակ՝ հակաքաղաքակրթական կողմում Թուրքիան էր, որը ներկայում Ռուսաստանի միակ հույսն է միջազգային գործերում:

Երեւանում Պուտինը միավորվեց աշխարհին, գրել է ռուսական մամուլը: Եւ դա ճշմարտություն է: Եթե Թուրքիան Ռուսաստանի միակ հույսն է, ապա Երեւանը՝ միակ խողովակը աշխարհին համահունչ լինելու համար: Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությունը կարող է պահել միայն Թուրքիայի օգնությամբ, իսկ Հայաստանի «ընտրությունը» նշանակում է հրաժարում ներկայիս քաղաքականությունից:

Ծանր, չափազանց ծանր «ընտրություն» է: Ավելի ճիշտ՝ ընտրություն էլ չկա: Պուտինը եւ Ռուսաստանը կարծես հասկացել են այս հանգամանքը: Առավել եւս, որ Թուրքիայի ընտրությունը նշանակում է Հայաստանի ոչնչացումը: Եվ, ըստ այդմ՝ Ռուսաստանի քաղաքակրթական հեռանկարի ոչնչացումը: 

Պուտինը Հայաստանից մեկնեց այս ամենը գիտակցելով եւ տեսնելով: Մեկնեց ինչ որ առումով նվաստացած, քանի որ ստիպված էր Երեւանից երաշխիքներ տալ Թուրքիային: Պարզվեց, որ Ռուսաստանի քաղաքակրթական ապագան կախված է Հայաստանից, եւ որքան նվաստացնեն, ինքնիշխանությունից զրկեն Հայաստանը, այնքան դա հարվածելու է Ռուսաստանին:

Ռուսները թվում է հասկացան այս հանգամանքը: Իսկ հայերը հասկացա՞ն: Ամեն դեպքում, Պուտինի այցը հանգուցալուծեց իրավիճակը, որի հետեւանքները կերեւան շատ շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել