slide_420640_5376636_free

1in.am-ը գրում է.

Ցեղասպանության 100֊ամյա տարելիցի շուրջ աղմուկը և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով ու մոտիվներով ըստ էության խլացրել էր ցանկացած երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք իրենց հերթին բերում են և սոցիալական, և համակարգային մի շարք այլ հիմնարար խնդիրներ: Մինչդեռ ակնհայտ էր, որ այդ աղմուկի նվազումից հետո առկա խնդիրները ցցվելու են նոր սրությամբ, միևնույն ժամանակ նաև գործնական լուծումների զրոյականությամբ:

Իրականում Ցեղասպանության 100-րդ տարելիցի գործընթացը, ինչքան էլ որ տարօրինակ լինի, լավ, հարմար հնարավորություն էր՝ տնտեսական խնդիրներով զբաղվելու համար: Բանն այն է, որ այդ գործընթացը կարող էր այսպես շեղել ավելորդ ուշադրությունը տնտեսությունից, և այդ ընթացքում տնտեսական քաղաքականության համար պատասխանատու խմբերը, կառույցներն ու պաշտոնյաները կարող են համեմատաբար ավելի հանգիստ պայմաններում, այսպես ասած՝ հրադադարի պայմաններում, երբ չկան խաչաձև քննադատություն և շահարկումներ տարբեր քաղաքական մոտիվներով, քննարկել, մտորել, քայլեր կատարել տնտեսական քաղաքականության վերափոխման, նոր լուծումների և ելքերի մշակման ուղղությամբ: Եվ երբ կմարեր Ցեղասպանության տարելիցով պայմանավորված մեծ աղմուկը, տնտեսական բլոկը հասարակությանը կներկայացներ կենսական նշանակության հարցերի մի շարք նոր լուծումներ՝ սրանով նաև ըստ էության ապահովելով հենց նույն Ցեղասպանության տարելիցի գործընթացի, այսպես ասած, տրամաբանական շարունակությունը, քանզի այդ շարունակությունը միմիայն կարող է լինել Հայաստանի տնտեսության զարգացման ձևով, Հայաստանի մրցունակության բարձրացման ձևով, Հայաստանում տնտեսական պոտենցիալի և ներքին ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու և որակական փոփոխություններ ապահովելու ձևով:

Սակայն այս ամենի փոխարեն՝ Հայաստանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի գործընթացից հետո ներքին կյանքում ըստ էության վերադառնում է «կոտրած տաշտակի» առաջ, քանի որ անցնող շաբաթներն ու ամիսները օգտագործվել են ոչ թե տնտեսական հարցերի շուրջ խաղաղ և հանգիստ պայմաններ ապահովելու միջոցով արդյունավետ աշխատելու, այլ ընդամենը հասարակության ուշադրությունը այս խնդիրներից շեղելու համար:

Եվ ուրեմն՝ Ցեղասպանության տարելիցի շուրջ աղմուկի նվազման հետ, Հայաստանի իշխանական համակարգը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կարևոր քաղաքական գործընթացի շարունակություն որպես հասարակությանն է մատուցելու ներքին կյանքի և պետական մրցունակության էական փոփոխությունների միտված նոր լուծումներ ու առաջարկներ, այլ մտորելու է հասարակության ուշադրությունը տնտեսական խնդիրներից և հարցադրումներից շեղելու նոր առիթների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել