Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահինAravot.am-ը գրում է.

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության ¥ԵԺԿ¤ նախագահ Ժոզեֆ Դոլին` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց ԵԺԿ պատվիրակության անդամներին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու կապակցությամբ: Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովրդի համար մեծ մխիթարություն է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդար գործում ԵԺԿ նախագահի և Եվրոպական ժողովրդական կուսակցության բերած զորակցությունը, մասնավորապես` ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարևոր իրադարձությանը, որը կատարվեց Քույր Եկեղեցու հոգևոր պետերի և ներկայացուցիչների աղոթական մասնակցությամբ: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի նահատակների վառ օրինակը պետք է մշտապես քաջալերի հայ ժողովրդի զավակներին և ոգևորի, որպեսզի հավատարիմ մնան այն արժեքներին ու սրբություններին, որոնց համար իրենց նախնիները սեփական կյանքով վճարեցին: Այնուհետև իր սրտի խոսքն ասաց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը` միևնույն ժամանակ Նորին Սրբության հետ միասին քննարկելով մարդկային կյանքում ամեն տեսակի ոճրագործությունների կանխարգելմանը, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել