Tert.am-ը գրում է.

Վարչապետ Դավութօղլուի մակարդակով Թուրքիայի ցավակցական ուղերձը ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս տարի  պետք է դիտարկել նույն հարթության մեջ, և չնայած այս ցավակցությունը չի կարելի չնկատել, բայց այն հայ ժողովրդին պետք չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը`  անդրադառնալով  Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, որում ասվում է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում:

Tert.am-ի հետ զրույցում թուրքագետն ասաց. «Կարծում եմ՝ նման առաջընթաց (Էրդողանի` նախորդ տարվա նույնիսկ՝ վիրավորական ցավակցության ֆոնին ) չկա և չի կարող լինել, որովհետև կա հստակ պետական դիրքորոշում Ցեղասպանության հարցում, և, հետևաբար, Դավութօղլուն չունի այն հեղինակությունն ու քաղաքական կամքը, որպեսզի այդ շրջանակներից դուրս քայլ կատարեր, որը և կհակասեր անցած տարի Էրդողանի կողմից արված հայտարարությանը»:

Սա Վահրամ Տեր-Մաթևոսյանի պատասխանն էր՝ հարցին, թե արդյո՞ք Թուրքիան փոխել է քաղաքականությունը և ինչ-որ կիսաքայլեր է անում՝ հասկանալով, որ այդպես ամբողջ աշխարհի դեմ է գնում:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն ասել էր, որ Թուրքիան կիսում է «օսմանյան  հայերի»  ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում և ավելացրել. «Մենք ևս մեկ անգամ հարգալից ձևով հիշում ու կիսում ենք այն օսմանյան հայերի երեխաների ու թոռների ցավը, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ի բռնագաղթեցման ժամանակ»:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի վարչապետի հայտարարության տեքստը բավականին հակասական է ու ոչ հստակ։

«Այդպես էլ չի հասկացվում՝ նրանք Ցեղասպանությունը դիտում են որպես պատմությո՞ւն, թե՞ հիշողություն, սա, ըստ իս, կարևոր է: Երկրորդ՝ տեքստում այդպես էլ չի հասկացվում, թե «օսմանցի հայեր» ասելով, Օսմանյան կայսրությունում ապրող հայերին առանձնացնելով` նրանք ինչ նպատակ են հետապնդում, քանի որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության տարածքում ևս: Առկա է հարուստ նամակագրություն: Եվ Ցեղասպանությունն էլ չի ավարտվել 15-16 թվականներով, այն տևել է մինչև 23 թվականը: Եվ սա ևս ժխտվում է այս ուղերձում»,-ասաց թուրքագետը:

Արդեն Վահրամ Տեր-Մաթևոսյանի հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ  Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել և ասել. «Ցեղասպանություն միտումնավոր ու ցանկանալով չենք իրականացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել