Esem.am-ը գրում է.

Այսօր հայ մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նա կդառնար 85 տարեկան: Դերասանի մասին թոռների հուշերը մի տարի ներկայացրել ենք, այս անգամ առաջարկում ենք կարդալ անդրադարձը նրա անցած ուղու մասին: 

«Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում: Պեպոն մենախոսություններից մեկում ասում է. «Ժողովուրդը խելք որ ունենա, ձուկ բռնելուց բացի ոչնչով չի զբաղվի»: Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է նշանավոր հայ դերասան Խորեն Աբրահամյանը, ով մանրակրկիտ վերլուծում էր իր դերերն ու հոգեբանական խոր վերլուծությունն օգնում էր, որ նա իր յուրահատուկ տեղը գտներ հայկական թատրոնում և կինոյում: Ինքնատիպ, համարձակ, արդիական. այսպիսին էր հայ մեծ դերասանը բեմում և էկրանին:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ կոչումների և պարգևների արժանացած Խորեն Աբրահամյանը սովորել է Երևանի թատերական ինստիտուտում: Ավարտելով ուսումը` նա աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ 1979թ. ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988թ.` գեղարվեստական ղեկավար:

Որպես բեմադրիչ` Խորեն Աբրահամյանն իր հաջողությունների կողքին անկում էլ է ունեցել: Անկում, որը շատերի կողմից գուցե սպասված ու ցանկալի էր, քանի որ անվանի դերասանի շրջապատում քիչ չէին նրան նախանձողներն ու ատողները: Խորեն Աբրահամյանի բեմադրած «Պեպոյի» առաջնախաղը 1982-ին լեփ-լեցուն դահլիճում անցավ` դառնալով նաև վերջինը: Այն աղմուկով իջավ բեմից... «Պեպոն» արգելվեց, իսկ նրան Երևանից «արտաքսեցին» Գյումրի: Երևանում մնաց Խորիկի «Պեպոյի» լեգենդը. քաղաքի բոլոր անկյուններում խոսում էին, թե հերոսները ջինսերով և կարճ շրջազգեստներով են եղել: Անվանի դերասանի գործընկերները, ովքեր ներկա են եղել պրեմիերային, այսօր փաստում են, որ հերոսները ջինսերով չէին, պարզապես այն ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր մեծ ոգևորությամբ սպասում էին հայկական կինոյի ու թատրոնի տիտանի «պրավալին»: Իսկ «պրավալը» «Պեպոյի» առավել համարձակ բեմադրությունն էր:

Երեք տարի անց Խորեն Աբրահամյանը վերադարձավ և շարունակեց իր գործունեությունը: Անկախ բոլոր խոսակցություններից` դերասանը սիրված է, հայկական կինոյի և թատրոնի զարգացման մեջ` անգնահատելի: Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին: Չնայած դրան` նա շատ համեստ էր. բոլորին հիացնող դերասանը չէր ընդունում, երբ իրեն Վարպետ էին կոչում: «Վարպետը Փափազյանն էր, նույնիսկ Հրաչյա Ներսիսյանին վարպետ չէինք ասում... Փափազյանը նրան «մանչս» էր ասում... նրանք գերմարդիկ էին...ես ինձ չեմ խաբել երբեք և մի բան խորապես վստահ կարող եմ ասել` երբեք չեմ ստել: Ինչ էլ անեմ, ինչ էլ խաղամ, ես եմ` լավ, թե վատ»,- հարցազրույցներից մեկում ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել