Վթար Շիրակի մարզում. կան զոհեր եւ վիրավորներShamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ախուրյան –Կառնուտ ավտոճանապարհին բախվել են BMW մակնիշի 93 CC 939 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի В 12011 T համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի տեղում մահացել են:

Մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ գետնին, իսկ մյուս մահացածին՝ Գյումրու հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննչական խումբը ՝ ոստիկանության փորձաքրեագետների հետ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները 07-ի վարորդն ու ուղևորն են եղել, ովքեր երիտասարդ տղաներ էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մեկից ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Ախուրյան գյուղի բնակիչներ, 28-ամյա Արա Կարապետյանն է և 22-ամյա Պարույր Աթոյանը, իսկ վիրավորներն են 53-ամյա Հրանտ Մինասյանը և 54-ամյա Սուսաննա Պողոսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել