Tert.am-ը գրում է.

Համաճարակաբան Ինեսա Նազարյանը և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան բժշկական լաբորատորիաներում նորարական սարքավորումների ներդրման անհրաժեշտությանը՝ տեղեկացնելով, որ հունվարից «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան գործունեություն է ծավալում  Ստեփանակերտում:

«Մեծ նշանակություն ենք տալիս Արցախի բժշկական ոլորտի զարգացմանը և ուզում ենք մեր լուման ունենալ այնտեղ»,- ասաց Ինեսա Նազարյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին ծանոթացնելու համար Արցախի բժիշկների համար վերապատրաստման սեմինարներ են անցկացրել:

Ռուսուդան Վարդանյան էլ ասաց, որ Արցախում մանկավարժական բուժօգնությունը դրված է բավական բարձր մակարդակի վրա:

«Այդուհանդերձ, նման տիպի սեմինարների կազմակերպումը շատ կարևոր է։ Մասնավոր նախաձեռնությունը կնպաստի հանրային առողջության բարելավմանը»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը։

«Արցախում լաբորատորիաների ներդրումը ոչ այնքան գումար աշխատելու համար է արվել, որքան, որ ցանկանում ենք նպաստել այնտեղ ոլորտի զարգացմանը»,- իր խոսքում ասաց Ինեսա Նազարյանը:

Ռուսուդան Վարդանյանն էլ նշեց, որ նախկինում գինեկոլոգիական հետազոտության անցնելու համար կանայք Արցախից ստիպված էին հասնել Երևան, որպեսզի Երևանի գներով հետազոտություն անցնեն, հիմա այդ սարքավորումները տեղադրված են Ստեփանակերտում, և իրենք այսուհետ կկարողանան հետազոտվել առանց Երևան հասնելու՝ գրեթե 20-50 % էժան գներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել