Հայաստանը Չինաստանի համար կարևոր քաղաքակրթական գործընկեր է դառնում հարավկովկասյան տարածաշրջանում. արևելագետPanorama.am-ը գրում է.

ՀՀ նախագահը Պեկինի համալսարանում իր ելույթում վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ: Չինաստանի հետ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Նաիրա Մկրտչյանը՝ ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները:

Նրա խոսքերով՝ Պեկինի համալսարանում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, անդրադարձել է նաև հայ-չինական բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

«Հայաստանը ընտրել է Եվրասիական ինտեգրացիոն ուղղությունը և այս առումով Մետաքսի ճանապարհը լիովին համատեղելի տնտեսական գործընթաց է և ռազմավարական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար: ՀՀ նախագահն ասել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Այսպիսով, հայ-չինական հարաբերությունները նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են դրվում, և Հայաստանը Չինաստանի համար կարևոր քաղաքակրթական գործընկեր է դառնում հարավկովկասյան տարածաշրջանում»,- հայտնեց Նաիրա Մկրտչյանը:

Նա կարևորեց ՀՀ նախագահի՝ Բոաոյի ասիական ֆորումին (ԲԱՖ) մասնակցությունը: Ն.Մկրտչյանի խոսքերով՝ Հայաստանի համար շատ կարևոր է նման գլոբալ ֆորումին մասնակցելը, նախ ճանաչելի դառնալու իմաստով, ինչպես նաև նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր փոխշահավետ նախաձեռնությունների մասնակցելու իմաստով:

Նշենք, որ ԲԱՖ-ը ոչ կառավարական, ոչ առևտրային միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001թ-ին:

Այս տարվա ֆորումի թեման էր «Ասիայի նոր ապագան, քայլ դեպի ընդհանուր ճակատագիր ունեցող հանրակցություն»: Այն մեծ իրադարձություն է ոչ միայն ասիական տարածաշրջանի, այլև աշխարհի համար: Իզուր չէ, որ այն անվանում են «Ասիական Դավոս»:

Ն.Մկրտչյանի խոսքերով՝ այս տարվա միջոցառումը բոլոր նախորդներից տարբերվում էր իր հսկայական մասշտաբով. մասնակցել են 13 օտարերկրյա ղեկավարներ, ավելի քան 80 նախարար տարբեր երկրներից, մեծ թվով ձեռներեցներ:

«Չինացիները հուսով են, որ Ասիայի և աշխարհի հետ շփման այս կարևոր հարթակի շնորհիվ կուժեղացնեն երկկողմ և բազմակողմ համագործակցությունը»,- ասաց արևելագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել