Lurer.com–ը գրում է.

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի է ունեցել «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով:

ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:

Համաժողովին Հայաստանը ներկայացրել են Արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Համաժողովի նպատակն է վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը:

Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին: Ներկայացվել է կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

Համաժողովի արդյունքում ընդունվել է բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ.-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը և վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։ Հռչակագիրը ներառում է նաև գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մարդու իրավունքներ ի եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել