Tert.am-ը գրում է․

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո արտահանման հեռանկարների մասին, ասաց, թե այնքան էլ լավատես չէ՝ նշելով, որ դրա հիմնական պատճառը Ռուսաստանի տնտեսության անկայուն վիճակն է: «Ռուսաստանում ցանկացած բիզնես մեր հայկական բիզնեսի հարյուրապատիկ հզորությունն ունի: Հետևաբար, եթե Ռուսաստանի տնտեսությունն առողջանա, ավելի շատ է ճնշելու մեզ»,- ասաց նա։

-Պարո՛ն Մխչյան, Հայաստանն արդեն 3 ամիս է ԵՏՄ անդամ է. արտահանողների համար ի՞նչ հեռանկարներ կան:

-Հեռանկարը չգիտեմ, բայց առայժմ տվյալները շատ բացասական են:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Միայն ու միայն Ռուսաստանի Դաշնության տնտեսության վատթար վիճակով: Մենք այսօր իրարամերժ իրավիճակում ենք. տեղի է ունեցել ինֆլյացիա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում: Այնտեղ էլ է փողն արժեզրկվել, այստեղ էլ: Եթե  մի տեղում լիներ արժեզրկումը, մյուսում՝ ոչ, էլի ինչ-որ հետաքրքիր գնային տարբերակներ կլինեին, բայց այսօր դա չկա: Այստեղ դոլարը թանկացավ մոտ 20 տոկոսի չափով, ՌԴ-ում՝ 100 տոկոսի չափով: Ռուբլով չեն աշխատում, մերոնք դոլարային պայմանագրեր են ուզում կնքեն, նրանք չեն համաձայնում, դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Հակառակը, ստացվում է այն, որ այսօր մենք ներմուծում ենք Ռուսաստանից, այլ ոչ՝ արտահանում:

-Տնտեսագետները հույս են հայտնում, որ մոտ ապագայում Ռուսաստանի տնտեսությունը կվերականգնվի, քանի որ ՌԴ-ն գնում է իր արդյունաբերությունը զարգացնելու ճանապարհով, և մինչև տարեվերջ դրական տեղաշարժեր կլինեն:

-Ես լավատեսության կամ հոռետեսության խնդիր չեմ տեսնում, ես ընդամենը հենվում եմ փաստերի վրա: Երբ համաշխարհային սարսափը թափվել է Ռուսաստանի վրա և այս պահին դեռևս բան չի փոխվել, ո՞նց կարող ենք մենք ինչ-որ բան ակնկալել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ ամեն օր Եվրոպան, Ամերիկան մատ է թափ տալիս, որ Ուկրաինայի հարցը պետք է լուծել, Ղրիմը պետք է հետ վերադարձնել, պատժամիջոցները չենք վերացնի և այլն, երբ այդ միջավայրը նույնն է, դեռևս ոչինչ չի փոխվել, ինչի՞ց ելնելով պետք է Ռուսաստանի տնտեսությունը միանգամից լավանա: Սա իմ մտավախությունը և անձնական կարծիքն է, ես ոչ մի քաղաքական շեշտ չեմ դնում այս ամենի վրա: Իմ կարծիքով՝ մեծն ուտում է փոքրին, բիզնեսում կա այդպիսի բան: Եթե ես փոքր բիզնես եմ, գլոբալիզացիայի ժամանակահատվածում մեծ բիզնեսը փորձելու է ինձ արանքից հանել: Ռուսաստանում ցանկացած բիզնես մեր հայկական բիզնեսի հարյուրապատիկ հզորությունն ունի: Հետևաբար, եթե Ռուսաստանի տնտեսությունն առողջանա, ավելի շատ է ճնշելու մեզ:

-Բայց չէ՞ որ  գործընկերային հարաբերություններ են, ո՞ւր մնացին դրանք:

-Ո՞ւր է, ես դա չեմ տեսնում, եթե տեսնեք, ինձ էլ ցույց տվեք:  Այսօր Ռուսաստանից ինչքան ջարդուխուրդ եղած «մետալալոմ» կա, բերել լցրել են Հայաստան, Վրաստանից դեռ չպրծած, Ռուսաստանն է սկսել: Իսկ մենք մեր վալյուտան տանում տալիս ենք Ռուսաստանին: Հիմա իրենց մոտ ամեն ինչ ավելի էժան է, քան մեզ մոտ, դրա համար մենք չենք կարող արտահանել դեպի այդ շուկա: Իրավիճակը պետք է փոխվի, որ մենք կարողանանք արտահանել:

-Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, որպեսզի խթանվի արտահանումը, ծավալները չնվազեն:

-Միակ լուծումը Ռուսաստանի վիճակի կայունացումն է, այլապես մենք ոչինչ անել չենք կարող: Իսկ կայունանալու դեպքում այնքանով կավելանա արտահանումը, որ այսօր ԵՏՄ-ի մեջ հետաքրքիր բաներ կան. մաքսային դրույքաչափերը, որոնք որոշակի փոփոխված են, կան բաներ, որ մեզ համար են ձեռնտու, կան բաներ, որ՝ իրենց: Շատ համատեղ գործարքներ կլինեն: Բայց պետք չի սահմանափակվել միայն ԵՏՄ-ով, եթե ԵՏՄ-ն կա, ուրեմն միայն այդ ուղղությամբ պետք է մտածել: Ո՛չ: Եվրոպայի մասին էլ պետք է մտածել: Մեր հայ գործարարներին իմ միակ խորհուրդը դա է, որ այսօր իրենք իրենց ունեցվածքի վրա մարկեթինգ անեն, տեսնեն այսօր ինչ ունենք, ինչ կարող ենք արտադրել և ինչ կարող ենք ավելի լավը արտադրել՝ նոր շուկաներ նվաճելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել