«Երեկ առավոտյան Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում: Երևանի քաղաքապետարանի զոդող բրիգադը կանգնում էր առանց բացառության՝ բոլոր դիտահորերի մոտ: Աշխատանքն իրականացնող մարդկանցից մեկից մեր թղթակիցը հետաքրքրվել է ինչի՞ համար են զոդում դիտահորերի կափարիչները, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե դրանք թուլացել են և երթևեկող մեքենաների համար անհարմարություններ են ստեղծում: Սեր թղթակցի աչքից չի վրիպել, սակայն, որ զոդման աշխատանքներին հետևում են ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության վարչության ներկայացուցիչները: Խնդիրն այն է. որ Սերժ Սարգսյանը ամեն օր «Հրազդան-1» կառավարական ամառանոցից հենց այս փողոցով է գնում նախագահական նստավայր, և ակնհայտ է, որ նրա ճանապարհին ընկած այս դիտահորերի կափարիչների զոդումը անվտանգության միջոցառում է։

Արդյո՞ք սա ինչ-որ կոնկրետ սպառնալիքի հետևանք է, թե՞ պրոֆիլակտիկ միջոցառում՝ դժվար է ասել: Զոդող բանվորներից մեկը հավաստիացրել է, թե այդ դիտահորերում նախկինում էլ զոդման աշխատանքներ իրականացրել են, հիմա պարզապես ամրացնում են: Նշենք նաև, որ երևանցիները դիտահորերի զոդման աշխատանքների առաջին անգամ ականատես են եղել 2000-ականների սկզբին, երբ Երևան պետք է ժամաներ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ կարծես թե երեկ տեղի ունեցածը առաջին դեպքն է, երբ նման զոդում տեղի է ունենում «ներհայաստանյան» նպատակներով»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել