Hartak.am-ը գրում է.

-Գայանե, Շանթ ՀԸ-ն «Սիրո գերին» սերիալում մարմնավորած քո կերպարը ի՞նչ է տալիս քեզ ու ի՞նչ խլում: Ընդհանրապես, կերպարները որքանո՞վ կարող են ազդեցություն ունենալ քո կյանքի, ապրելակերպի ու արժեքների համակարգի վրա:

-Տալիս է փորձ: Ընդհանրապես շատ եմ ուրախանում, երբ առաջարկված դերերը տարբերվում են իրարից: Խլո՞ւմ...չէ, չի խլում, որովհետև ես սիրով եմ կատարում իմ գործը: Կերպարներն ազդեցություն չեն կարող ունենալ մի պարզ պատճառով՝ երբևիցե չեմ խաղացել դեր, որն ինձ նման լինի, բացարձակ օտարացում կա, երբ նկարահանման հրապարակում չեմ կամ բեմի վրա:

-Քեզ հետ սերիալում կողք-կողքի խաղում են ինչպես հայտնի ու կայացած դերասաններ, այնպես էլ սկսնակներ: Ո՞ւմ հետ է ավելի դժվար և ինչու:

-Ինձ  ինձ հետ է միայն դժվար:

-Գաղտնիք չէ, որ այսօր դերասանները դժվարությամբ են գումար վաստակում: Եթե մի օր օտար երկրում նկարահանվելու առաջարկ ստանայիր՝ որքան ժամանակ կպահանջվեր պատասխան տալու։

-Դե դա, իհարկե, կախված է, թե որ երկրում ու ինչ դեր կառաջարկվի։ Բայց, կարծում եմ, եթե երբևէ նման առաջարկ լինի, իհարկե պատասխանս միանգամից կլինի`այո: Հարազատ երկրում նույնիսկ անվճար հազվադեպ եմ մերժում: Ես իմ գործի սիրահարն եմ:

-Քո կերտած կերպարների մեծ մասում անպատասխան սիրուց տանջվող կին ես խաղում: Ի՞նչ է սերը քեզ համար:

-Իհարկե, ոչ բոլոր կերպարներս են տառապում անպատասխան սիրուց, իսկ ահա թե ինչ է սերը... հըմ..դժվար հարց է,պատասխանեմ երևի ասպես` հաց, ջուր,օդ, սեր...

-Ազատ է Գայանեի սիրտը, ինչո՞ւ։

-Ոչ,Գայանեի սիրտը զբաղված է (ժպտում է):

-Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ խաղացել ես նաև «Երեք կյանք» հեռուստասերիալում : Ի՞նչ հարաբերություններ են ձեր միջև:

-Աշոտի հետ մենք շատ հին ընկերներ ենք, սովորել ենք նույն կուրսում, շատ ուրախ եմ, որ նման ընկեր ունեմ:

-Դու նաև նկարչուհի ես, թեկուզ ինքդ քեզ այդպիսին անվանել չես սիրում: Դու քո երևակայությունը պատկերում ես ոչ թե թղթի վրա, այլ վիրտուալ տարածքում` օգտագործելով MS Paint համակարգչային ծրագիրը: Ինչո՞ւ ընտրեցիր նկարելու այդ յուրօրինակ ձևը:

-Չէ, չէ, չէ… նկարչուհի չեմ: Կարելի է ասել, որ համակարգիչն ինքն ընտրեց ինձ։ Մի քանի տարի առաջ էր, մի օր առավոտյան արթնացա ու երազիցս ազդված բացեցի MS Paint-ն, սկսեցի երազս նկարել: Ահավոր էր, ոչ մի պատկեր չստացվեց, ոչ մի ուղիղ գիծ, խզբզոց, բայց դրանից հետո սկսեցի նկարել զգացածս, անընդհատ, երևի ինձ օգնում էր հաղթահարել, անցնել, դուրս հանել մեջիցս ինձ խանգարող էմոցիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել