Lurer.com–ը գրում է.

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0.7 տոկոս գնաճ: Նախորդ ամիս ոսկերչական ապրանքները թանկացել են 1.7, դեղամիջոցները` 3, իսկ շինանյութերը` 4.7 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, էլեկտրական ապրանքների գները փետրվարին աճել են 3.4 տոկոսով, այգեգործական ապրանքներինը և գրենական պիտույքներինը` 1.3, խոհանոցային սպասքինը` 1.4 տոկոսով:

Տեքստիլեղենի գներն աճել են 1.6, կահույքինը՝ 1.8, գորգեղենինը՝ 2.1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի` 2.9 տոկոս, մշակույթի ապրանքների` 1.3 տոկոս, հագուստի և գործվածքի` 0.7 և կոշկեղենի` 0.2 տոկոս գնանկում:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ, մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել