Lurer.com-ը գրում է․

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Վարդան Օսկանյանը կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել, իսկ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում նա չի ներկայացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Հարցին, թե խոսե՞լ է Վարդան Օսկանյանի հետ և ո՞րն է նման որոշման պատճառը, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, ես խոսել եմ Վարդան Օսկանյանի հետ, պատճառը գիտեմ: Վարդան Օսկանյանը մեր շատ լավ բարեկամն է: Ես ամեն օր հանդիպում եմ պարոն Օսկանյանի հետ և շարունակելու եմ հանդիպել, և մենք դեռ կքննարկենք պարոն Օսկանյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին: Ես չեմ կարծում, որ կուսակցությունում կգտնվի որևէ մեկը, ով համաձայն կլինի, որ պարոն Օսկանյանը դուրս գա կուսակցությունից, իսկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին խոսք չկա»,- հայտնեց Զոհրաբյանը:

Հարցին, թե փորձելո՞ւ են են համոզել, որպեսզի Օսկանյանը փոխի որոշումը և մնա կուսակցությունում, Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Գիտեք, դա ներկուսակցական խնդիր է, թողեք մենք լուծենք»:

Մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ն լքելու մասին լուրերին, հայտնել էր, որ նա պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել, սակայն կուսակցությունը լքելու մասին չի հայտարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել