Tert.am-ը գրում է․
Ցանկացած իշխանություն ցանկանում է ունենալ կառուցողական ընդդիմություն, որն օգուտ է և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը, և՛ ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նա նշեց, որ ընդդիմության կողմից` իշխանափոխության մասին կոչերում իրենք վտանգ չեն տեսնում:
«Դասական քաղաքականություն է, երբ իշխանությունը փորձում է պահել իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը ձգտում է իշխանության: Ընդդիմության գերնպատակը իշխանության ձգտելն է, այլ բան է, թե ինչ ձևով են փորձում դա անել՝ իրար տրորելո՞վ, թե՞ համախմբվելով, ինչն արդեն լուրջ խնդիր է»,-ասաց նա:
Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ իրենք վտանգ են տեսնում, որ ընդդիմությունը շարունակի փորձել իրար տապալելու նման քաղաքականությունը:
«Եթե որևիցե մեկը կարծում է, որ իշխանությունը դրանից շատ գոհ է, ապա ես կարծում եմ, որ ոչ»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ընդդիմության ցանկացած նախաձեռնության դեպքում, որը կլինի կառուցողական դաշտում, իշխանությունը պատրաստ է համագործակցել:
«Ցանկալի է, որ ընդդիմությունը ոչ միայն փորձի վերհանել այն խնդիրները, որոնք այսօր մեր իրականության մեջ կան, այլ նաև նպաստի դրանց լուծմանը` իր կառուցողական առաջարկներով և կեցվածքով»,-ասաց նա: