Tert.am-ը գրում է․

MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է ռուսական սարքից արձակված «Բուկ» հրթիռով և, հավանաբար, ռուսական անձնակազմի կողմից: Այդ մասին հայտնել է Նիդեռլանդների դատախազության մամուլի ծառայությունը, որի ղեկավարությամբ Քրեագետների միջազգային խումբն (J.I.T) անցկացնում է ողբերգության հետաքննություն, գրում է korrespondent.net-ը:

Հաղորդվում է, որ «Բուկը» Ռուսաստանից Ուկրաինա է բերվել ողբերգությունից առաջ: Դա հաստատում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, գտնվել և հարցաքնվել են նաև ականատեսներ:

J.I.T.-ի քննիչները հավաքել և ուսումնասիրել են ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, լուսանկար և տեսանյութ: Նյութերի նման մեծ ծավալի պատճառով խումբը ստիպված է եղել մեծացնել վերլուծական խմբի անձնակազմը:

Այժմ փորձագետները պետք է ոչ միայն պարզեն կասկածյալների շրջանակը և ապացույցներ հավաքեն նրանց դեմ, այլև դատարանին փաստեր և վկայություններ ներկայացնեն, որոնք բավարար կլինեն մեղադրական վճիռ կայացնելու համար:

Նիդեռլանդների դատախազությունում նաև նշում են, որ լուրջ վկայություններ կան, որ ՌԴ գաղտնի ծառայությունը մշտապես փորձում է կոտրել և մտնել հոլանդական ոստիկանության և դատախազության համակարգչային համակարգեր:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777 ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում, հուլիսի 17-ին: Ինքնաթիռում եղել է 298 հոգի, նրանք բոլորը զոհվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել