^4A68F26BB68E0D0427899FBCCDF763F982B6B9FD291448CA90^pimgpsh_fullsize_distr1in.am-ը գրում է․

Այսօր «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հաՐբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա:

Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա:

Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:

Աբխազիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին:

Նա նաև նշեց, որ վաղն անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում:

«Սուխումի շրջանում մոտ տասը հայկական դպրոց կա, բացի այդ, հայերս այստեղ որևէ քաղաքական խնդիր չունենք աբխազների հետ, եթե ունենայինք, 31 հայկական դպրոց չէինք ունենա մի երկրում, որի բնակչությունը 250.000 է: Իհարկե, լինում են կենցաղային մակարդակի վեճեր, բայց դա Հայաստանում էլ է լինում հայերի մեջ: Եթե որևէ հարց է առաջանում աբխազների հետ, միասին ճշտում ենք, քննարկումներ անում»,- հավելեց համայնքի նախագահը:

Համայնքի ղեկավարի խոսքերով՝ այս տեղեկատվությունը հատատ ձեռնտու չէ ոչ ոքի, ո՛չ աբխազներին, ո՛չ ռուսներին, ո՛չ Հայաստանին, միայն վրացիներին:

Նա նշեց, որ աբխազական խորհրդարանի պատգամավոր Լևոն Գալստյանը ցերեկը կապ է հաստատել և տեղեկացրել, որ նման տեղեկատվությունը սուտ է, սադրանք է:

«Եթե նման բան եղած լիներ, մենք շահագրգռված կլինեինք թնդացնելու, ասելու բոլորին, բայց նման բան չկա: Ինչ-որ մեկին հավանաբար շատ անհրաժեշտ է այս ինֆորմացիան, մեզ պետք չէ»,- ավելացրեց նա:

Հետաքրքրվեցինք, թե հայերն ու ռուս զինվորականներն ի՞նչ հարաբերությունների մեջ են Աբխազիայում, արդյոք լինո՞ւմ են բախումներ:

«Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր, դաժան հանցագործություն էր, բայց պետք չէ քաղաքականության վերածել դա: Մենք այստեղ նորմալ հարաբերությունների մեջ ենք ռուս սահմանապահների հետ, ազնվությամբ՝ հարաբերությունները շատ նորմալ են»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել