Lragir.am-ը գրում է․

Ավետիսյանների ընտանիքի անդամները չեն հավատում այն վարկածին, որ Պերմյակովը, ով գործում ներգրավված է որպես միակ մեղադրյալ, մենակ է գործել: Ասում են՝ քիչ հավանական է, որ առաջին կրակոցից հետո տան տղամարդիկ վեր չկենային անկողիններից եւ չփորձեին պաշտպանել ընտանիքի մյուս անդամներին: Միայն Արմեն Ավետիսյանը չի սպանվել իր անկողնում, բայց նա էլ հեռու չի գնացել: Անգամ սենյակից չի հասցրել դուրս գալ: Սպանվել  է մեջքից եւ գլխից արձակված կրակոցներից: Սա է պատճառը, որ Ավետիսյանների հարաատներն ու ծանոթները  վստահ պնդում են, որ մեկ հոգին չէր կարողանա 7 հոգու սպանել: Վերջին սենյակում քնած ընտանիքի անդամները գոնե կհասցնեին ինչ որ բան անել, կամ գոնե փողոցի կողմում գտնվող պատուհաններից դուրս գալ:

«Թող մեզ չխաբեն: Սա մեկ հոգու բան չէ: Այդ ճիվաղը չէր կարող 7 հոգու սպանել՝ տարբեր սենյակներում: Դա անհնար է, լինելու բան չէ»,- ասում է  Հասմիկ Ավետիսյանի քույրը:

Որեւէ վարկած չունեն հարազատները: Թշնամիներ չեն ունեցել, որեւէ ռուսաստանցու հետ կապեր չեն ունեցել՝ ոչ բարեկամական, ոչ ընկերական: 102-րդ ռամաբազայի հետ՝ առավել եւս: Տան տղամարդը հիմնականում արտերկրում է գումար վաստակել, աշխատել հիմնականում Անապայում: Չեն գտնում այն հարցի պատասխանը, թե ինչու հենց Ավետիսյանների տուն մտան: Նույն բակում կա եւս մեկ տուն, որտեղ միայնակ ապրում է Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը:

«Խելոք, գլուխը կախ աշխատող մարդիկ են:  Թշնամիներ չունենք մենք: Այս հարցը շատ են տալիս, բայց իսկապես շատ համեստ ընտանիք էր քրոջս ընտանիքը»: Հասմիկ Ավետիսյանի քույրը նաեւ պատմում է, որ տան արժեքավոր իրերին ձեռք չեն տվել, տնից ոչինչ չի պակասել, բացի այն հագուստից, որը հագել է հանցագործը: «Գրպանում 6000 դրամ է եղել, հագել գնացել է, բայց ոսկեղենին ձեռք չի տվել: Եւ Աիդայի վրա ոսկեղեն կար, եւ քրոջս: Ոչ մի բան չի տարել»:

Նշենք, որ այս գործում դեռեւս տուժող կողմի իրավահաջորդ ներգրավված չէ: Գրեթե անհնար էր այս ընթացքում անասելի վշտին զուգահեռ զբաղվել նաեւ իրավական հարցերով: Հատկապես Ավետիսյանների դուստրերի համար, ովքեր մեկ օրում կորցրել են հորը, մորը, եղբորը, քրոջը, եղբոր կնոջն ու փոքրիկներին: «Սթրեսային ու տագնապալի վիճակ է: Մենք մեր տներից փախել ենք: Կվախենանք»: Ավետիսյանների հարազատներն ասում են, որ կհանգստանան միայն այն ժամանակ, երբ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել:

Նրանցից մեկի ամուսինը մեզ փոխանցեց, որ  վաղը առավոտյան արդեն գնալու են Երեւան: Արդեն խոսել են փաստաբանների հետ: «Վաղը կլինի այդ գործընթացը, մենք կճանաչվենք տուժողի իրավահաջորդ, փաստաբան էլ կունենանք»:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Պերմյակովին արդեն տարել են դեպքի վայր, եւ նա ցույց է տվել, թե ինչպես է կատարվել սպանությունը: Ընտանիքի հարազատները փոխանցեցին, որ իրենք տեղյակ չեն, դուռը նախկինի նման փակ է եւ չեն կարող ասել՝ Պերմյակովին տարել են Ավետիսյանների բնակարան, թե ոչ:

Նշենք, որ Գյումրին դեռեւս ոստիկանների հսկողության տակ է: Ոստիկանության բաժիններ են տարվում այն քաղաքացիները, ովքեր օրեր առաջ մասնակցել են բողոքի գործողություններին: Նրանց վախեցնում են, որ այլեւս չհամարձակվեն մասնակցել ակցիաների:

Այսօր հյուպատոսարանի մոտ տեղի էր ունենալու բողոքի ակցիա, սակայն հասկանալի պատճառներով այն չկայացավ: Ինչպես հյուպատոսարանը, այնպես էլ ռազմաբազան ոստիկանները շարունակում են պահել շուրջօրյա հսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել