Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր 
Մինչ Պուտինը «բառային ներարկում» էր անում ռուսական տարադրամի և արտաքին-քաղաքականության սասանված շուկաներում, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որ կարող են «վերջին մեխը» լինել կրեմլյան ներկա վարչակարգի դագաղին։ 
Ամենաթարմը Ղրղզստանի կառավարության որոշումն է օրակարգից հանել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծի քննարկումը։ Տրամաբանական վճիռ՝ ռուսական տնտեսության խոշոր ցնցումների պահին, որը մեծ ճգնաժամի մեկնարկն է միայն. նույնիսկ ինքը՝ Պուտինը 1-2 տարուց շուտ չի տեսնում բարելավման սկիզբը։ 
(Ասում եմ, մեր ընդդիմությունից մի երկու հոգի (կամ՝ սաղին, անվերադարձ) չուղարկե՞նք Բիշքեք՝ համոզելու տեղացիներին, թե «անշրջելի» գործընթաց է, այ մարդ, խելքներդ գլուխներդ հավաքեք, իզուր մի ջղաձգվեք)։ 
Նույնպես թարմ՝ շաբաթ օրվա նորություն է, որ Ռուսաստան ներկրվող բելառուսական սննդամթերքի գները դոլարով են հաշվելու. ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին (ազգանունը փաստորեն դեր չի խաղացել)։ Սա՞ էր, ուրեմն, եվրասիական միասնական արժույթը, որ սկսեց շրջանառել՝ 10 օրով կանխելով ԵՏՄ պայմանագրի օրենքի ուժ ստանալը։ 
(Ասում եմ, չբռնենք Մինսկ ու Մոսկվա ուղարկենք հայրենի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին… ու մնացած «փորձագետների» մեծ մասին. թող համոզեն՝ կամ մեկդ մյուսի ազգային արժույթին վստահեք, կամ սպասեք, միասնական արժույթ կհիմնեք, դրանով ձեր գործարքները կկնքեք՝ մի խոսքով, շուտ չեղյալ հայտարարեք էդ որոշումը, ձեր խելքը տնտեսագիտությունից չի հասնում։ Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ նույն պրոֆեսորը հայտնել է տխրահռչակ «Ռեգնում» գործակալությանը, որ արդյունավետ է համարում ՀՀ Կենտրոնական բանկի դրամա-վարկային քաղաքականությունը՝ կասկած չունենալով, որ նույն ԿԲ-ը մեր աչքի առաջ թույլ կտա դրամի փոխարժեքի 30-35 տոկոսանոց անկում մի քանի օրում, որ կխփի նույնիսկ ռուսական ռեկորդը)։ 
Էս շաբաթ ԵՏՄ մեկ այլ անդամի՝ Ղազախստանի քաղաքացիները դատարկեցին հարևան ռուսական մարզերի ավտոմեքենաների, տեխնիկայի և կահույքի խանութները։ Դոլարի փոխարժեքի համեմատ էդ ապրանքների գներն ընկել էին 1,5 անգամ՝ ճիշտ էդքան վնաս հասցվեց ՌԴ ներկրող և առևտրային ընկերություններին։ 
Սարսափելի ապտակ էր Պուտինի վարչակարգին ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը, որը ժողովրդական ցնծության ցույցեր առաջացրեց Հավանայում, և կհանգեցնի ամբողջ Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբեռնմանը։ 
Ռուսական քարոզչությունը կարողացավ էս փաստն էլ յուրովի մեկնաբանել. տեսա՞ք, Կուբայի դեմ պատժամիջոցների կիրառելուց 50 տարի հետո Ամերիկան կոտրվեց՝ մենք էլ կդիմանանք։ 
Շատ կարևոր է, թե ինչպես է Կուբան դիմանում պատժամիջոցներին. որպես ականատես գիտեմ, որ մարդիկ տարեկան մի զույգ «մայկա-տռուսիկ» են ստանում կտրոնով, մեկ հավ… և այլն։  Ոչ կտրոնային ձևով շատ ապրանքները կամ չկան, կամ բազմապատիկ թանկ են։ Ինչպես բնորոշ է «սոցիալիստական» տնտեսությանը, խանութում վաճառվող մանդարինների կեսը նեխած է, երբ երկու քայլ հեռու, զբոսայգում շռայլ բնությունը նույն միրգն աճեցնում է անվճար։ 
Եթե ուրիշ ոչ մի գործոն հաշվի չառնենք (ասենք՝ Ուկրաինայի դեմ պատերազմը) ԶԼՄ-ների ձեռնածությունը Ռուսաստանի ու Կուբայի տնտեսությունների բուն համեմատությունն է։ Կուբայում պլանային տնտեսություն է, Ռուսաստանում՝ կլանային, Կուբայում հավասար աղքատություն է, Ռուսաստանում՝ աղաղակող անհավասարություն (բառախաղերն ակամա ստացվեցին՝ ներողություն)։ Կուբայում չկա տարադրամի ազատ վաճառք, ՌԴ-ում կա, օրեր առաջ էլ Կենտրոնական բանկն անցավ ռուբլու լողացող կուրսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել