Հագուստի մի շարք հայտնի արտադրողներ դադարեցնում են առաքումները ՌուսաստանPanARMENIAN.Net-ը գրում է․

Հագուստ արտադրող մի շարք խոշոր ընկերություններ դադարեցրել են հագուստի առաքումները Ռուսաստան ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, նման ընկերությունների թվում են Inditex-ը (Zara, Oysho և Bershka բրենդեր), BNS Group (Calvin Klein, Armani Jeans, Michael Kors և TopShop): BNS Group-ի գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունը դադար է վերցնում մինչև տարեվերջ և 2015-ի առաջին շաբաթները: Բացառություն են միայն fast fashion բրենդերը, որոնք տարածվում են TopShop-ով: Այդ գծով առաքումները շարունակվում են, թեև ծավալները կրճատվել են: «Ոչ ոք չգիտի, թե որ փոխարժեքով հաշվարկներ կատարի»,-պարզաբանել է ռիթեյլերը՝ նշելով, որ հակառակ դեպքում, եվրոպական հագուստը կարող է փոխարինել Կենտրոնական Ասիայի, մասնավորապես, Ուզբեկստանի տեքստիլը:

Կոշիկի Zenden ցանցն, իր հերթին, հայտնել է, որ որոշ ռիթեյլերներ արդեն հրաժարվում են նախապես Չինաստանում պատվիրած ապրանքից: Նոյեմբերին արձանագրված արժութային տատանումների ժամանակ վաճառողներն արդեն բարձրացրել են գինը 23 տոկոսով ստորին գնային սեգմենտում, ինչը վաճառքների կտրուկ անկման պատճառ դարձավ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ General Motors-ը դադարեցնում է իր արտադրության ավտոմեքենաների առաքումը ՌԴ դիլերներին ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Առաքումների կասեցման մասին հայտնեց նաև Audi ընկերությունը: Մինչ գների վերահաշվարկը դադարեցնում է առաքումները Ռուսաստան նաև Land Rover-ը, որը մինչ այդ արդեն թանկացրել էր արտադրանքը 15 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել